Ըստ ՌԴ կառավարության իրավական տեղեկատվության հարթակում հրապարակման՝ ԱՊՀ պետությունները ստեղծել են զինված ուժերի կապի համատեղ համակարգ՝ տեղեկությունների փոխանակման եւ անդամ երկրների բանակների միջեւ փոխգործակցության համակարգման համար: Կապի ընդհանուր համակարգին միացել է նաեւ Հայաստանը։
Համաձայնագիրն, ըստ անորոշ ժամկետով կնքված փաստաթղթի, ուժի մեջ է մտել 2021-ի նոյեմբերի 28-ից: Ընդ որում՝ համաձայնագիրը բաց է մնում ԱՊՀ ցանկացած անդամ պետության անդամակցության համար: Բացի Ռուսաստանից ու Հայաստանից՝ այսօրվա դրությամբ համաձայնագրին միացել են նաեւ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը:
Ենթադրվում է, որ տվյալ համակարգի հիմնական խնդիրներն են լինելու համաձայնագրի մասնակից երկրների զինված ուժերի միջեւ կապի ծառայությունների մատուցումն ու տեղեկությունների փոխանակումը, ռազմական ոլորտում փոխգործակցությունը, ԱՊՀ երկրների կապի եւ հատուկ կապի ազգային համակարգերի համատեղելիության ապահովումը:
Սրա համակարգումը կիրականացնի ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի պետերի կոմիտեն, որի նախագահը կդառնա Ռուսաստանի զինված ուժերի կապի գլխավոր վարչության պետը:
Կապի միացյալ համակարգի ուժերի եւ միջոցների մի մասը, ըստ փաստաթղթի, մշտական մարտական հերթապահություն է իրականացնելու համաձայնագրի մասնակից երկրների հրամանատարական կետերից:
Համաձայնագրի մասնակիցները պարտավորվում են չփոխանցել տվյալ կապի համակարգի աշխատանքի շրջանակում ստացված տեղեկությունը երրորդ երկրներին, ինչպես նաեւ չօգտագործել ստացված տվյալները ի վնաս տվյալ պայմանագրի մյուս անդամների։