ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող հայտարարություններին:
Փալոնը թվիթերյան գրառմամբ նշել է, որ Ալիեւն օգտագործում է իր լրատվամիջոցների խոսափողը Հայաստանի դեմ բռնության սպառնալիքներ հնչեցնելու համար:
«Նա բանակցային խաղաղությամբ չշահագրգռված չարամիտ դերակատար է»,- ընդգծել է կոնգրեսականը:
ԱՄՆ Պետդեպարտամենտին եւ աշխարհի առաջնորդներին դիմելով՝ Փալոնը հորդորել է կոշտ դիվանագիտություն կիրառել եւ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի նախագահի նման պահվածքը զսպելու համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին հերթական անգամ հանդես է եկել Հայաստանին ուղղված պահանջներով եւ սպառնալիքներով: Նա Հայաստանից պահանջել է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրներ ստեղծել:
Ալիեւն ընդգծել է, որ լավ կլիներ՝ այս հարցը լուծվեր կառուցողական ձեւով՝ բանակցությունների եւ փոխըմբռնման ճանապարհով, բայց նաեւ զգուշացրել, որ քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում «ոչ անկեղծ» մոտեցմանը:
Դրանից առաջ էլ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ համաժողովի շրջանակում հրաժարվել էր հանդիպել հայաստանցի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ՝ պատճառաբանելով, թե նախատեսված հանդիպումից ժամեր առաջ Հայաստանը սադրանք է իրականացրել․ Բաքուն նկատի ուներ Հայաստանի խորհրդարանականների այցը Ստեփանակերտ: