Այս տարածաշրջանում հայերիս երկարակեցությունը հրաշքի է նման։ Սառնասրտություն չկա, հեռատեսություն չկա, չասենք՝ 50-100 տարվա, 5-10 տարվա ծրագիր չկա, սեփական ուժերը հաշվարկելու կարողություն չկա, հակառակորդի ուժերը եւ հնարավորությունները հաշվարկելու ցանկություն չկա։ Թվում է՝ սրանք ապրելու, դիմակայելու, ճանապարհ անցնելու կարեւոր նախապայմաններ են, որ չենք ունեցել ու չկան։ Ապրում ենք՝ անկումից՝ անկում, փորձությունից՝ փորձություն, պարտությունից՝ պարտություն։
Ժամանակագրական առումով, ամենամոտը 1918-21 թթ․ պարտություններ են։ Այդ տարիների պատմության վերլուծությունը, արված եզրահանգումները, թվում է, պետք է փոխեին մեզ, պետք է հաշվել, իրողությունները համադրել ու ծրագրել սովորեցնեին, պատասխանատու լինել սովորեցնեն, բայց՝ անհրաժեշտ հետեւություններ անելու փոխարեն՝ նույն սխալներն ենք կրկնում։
Պետության ապագայի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը, հաշվարկելու ունակության բացակայությունը, անհեռատեսությունը իրենց ողջ հմայքով դրսեւորվեցին 1997-ի նոյեմբեր — 1998 թ․ հունվար ամիսներին, երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննարկման էր դրել փոխզիջումներով Ղարաբաղի խնդիրը լուծելու ու խաղաղության գնալու իր ծրագիրը։ Նա հիմնավորում էր՝ քանի Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի մոտ եւ ճակատում ամուր են՝ հարկավոր է գնալ խնդրի փոխզիջումային լուծմանը, հակառակ դեպքում՝ իր ռեսուրսներն օգտագործելով՝ Ադրբեջանը հզորանալու է, իսկ մենք ունեցած առավելությունները կորցնելու ենք։ Բայց Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պնդում էին․
— շրջափակումը չի ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա
— ղարաբաղյան կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն
— ստատուս-քվոյի պահպանումը մեզ համար վտանգավոր չէ
— հիմա փոխզիջման գնալու կարիք չունենք, կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։
Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակը պետության մասին, ղարաբաղյան հակամարտության մասին, աշխարհի մասին ունեցած այս պատկերացումներով էր երկրում իշխանություն խլում։ Այս պատկերացումներով էլ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը 20 տարի կառավարեց։
Այս պատկերացումների ամբողջական արտահայտիչը դարձավ Նիկոլ Փաշինյանը, երբ փակուղի էր տանում 25 տարի եւ ավել ձգված բանակցությունները՝ հայտարարելով, թե ինքը Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունի, ապա՝ թե ինքը դրանք սեփական կետից է սկսելու, երբ որդեգրում էր «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» ականջահաճո, միաժամանակ՝ սադրիչ կարգախոսը, երբ ամենաբարձր մակարդակով Սեւրի պայմանագիրն էր թափահարում։ 1998-ից սկսված այս ընթացքը չէր կարող մեզ իր տրամաբանական վախճանին՝ այս սպասված պատերազմին ու այս սպասված պարտությանը չհանգեցնել։
Ծանր է ապտակը, որ ստացանք։ Պատմությունը եւ պարտությունները լավ ուսուցիչներն են, եթե, իհարկե, կա սովորելու ցանկություն։ Կանգ առնելու ու դասեր քաղելու ժամանակն է։ Հոխորտալ պետք չէ։ Ինքնախաբեություն պետք չէ։ Մեր անպարտելի ու հաղթական լինելու մասին ականջահաճո ու սուտ ելույթներ պետք չեն։ Մեր հերոսական լինելու մասին առասպելներ պետք չեն։ Դավաճանների փնտրտուք պետք չէ։ Չկա դավաճանություն եւ չկան դավաճաններ։ Ուղղակի կանք մենք՝ աշխարհի մասին, մեր ու մեր երկրի մասին իրականությունից կտրված պատկերացումներով հանդերձ։
Մենք նույնականացնում ենք հայրենիքը՝ որը մեր կարծիքով սկսվում է Միջերկրականի ափերին գտնվող Կիլիկիայից ու ձգվում է մինչեւ Քուռ եւ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի ու Վրաստանի միջեւ սեղմված այս 30000 քառ․ կմ փոքրիկ տարածքով պետությունը, որը պետք է իր հաստատուն տեղը գտնի հակառակորդների ու բարեկամների շահերի բախման խաչմերուկներում եւ հստակ որոշի իր հնարավորությունների սահմանները։
Մեր առաջնահերթությունների ցանկում՝ առաջին համարի տակ պետությունը պետք է լինի, իսկ մենք մեր երազի հայրենիքն ենք դրել ու վազում ենք պատրանքների հետեւից։ Եթե շարունակենք մեր կորսված հայրենիքը կարեւորել ավելի, քան մեր ունեցած պետությունն է, եթե շարունակենք մեր մտքում պատկերված հայրենիքը եւ իրական պետությունը չտարանջատել, եթե շարունակենք հարեւանների ձգտումները եւ հնարավորությունները հաշվի չառնել, չճշգրտել մեր կարողությունները, եթե հայրենասիրությունը՝ իր զգացմունքայնությամբ ու ճոռոմաբանությամբ հանդերձ շարունակի մնալ չափորոշիչ, իսկ պետությունը ստորադասվի՝ լինելու են նոր պարտություններ։
Մեր մեծագույն ձեռքբերումը պետությունն է, որ այսօր ունենք։ Եկեք կարեւորենք այդ պետությունը։ Ամրապնդենք ու հզորացնենք այդ պետությունը։ Տեղավորենք այդ պետությունը ոչ թե պատմական հայրենիքի մասին հյուսված երազանքների, այլ տարածաշրջանի, աշխարհի, իրականության համատեքստում։ Մեր կամակորությամբ, մեր մեծամտությամբ ու մեր սանձարձակությամբ փորձությունների չտանենք։ Լինենք հաշվենկատ՝ խիստ հաշվենկատ։
Հայրենասիրությունն ընդամենը զգացմունք է։ Շատ հաճախ՝ թույլերի ինքնադրսեւորման միջոց, նաեւ՝ սրիկաների ապաստարան։ Քաջություն ունենանք՝ առերեսվենք իրականությանը, եթե այն, անգամ, ցավեցնող է ու վիրավորական։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։