Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Թադեւոսյանն ընդգծել է, որ գերիները ձերբակալված են։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում։
Վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։
Թադեւոսյանը նախօրեին հայտնել է, որ հարցաքննվել են բոլոր 10 գերիները: Նա նշել է, որ նախաքննություն է ընթանում, եւ կան տվյալներ, որոնք հրապարակման ենթակա չեն։
Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։ Նրանց ՀՀ է բերել ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։
ԱԺ-ում նոյեմբերի 17-ին վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ պետք է քննվի, թե ինչ հանգամանքներում են զինվորները գերի ընկել։ Նա պնդել է, թե հնարավոր չէ, որ ՀՀ սահմանների վերաբերյալ տրվի չկրակելու, սահմանը չպաշտպանելու հրաման։