ՌԴ ՀՕՊ զորքերի հրամանատար, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Դեմինը հայտարարել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը 2021-ին հակաօդային պաշտպանության զորքերի զորավարժությունների ընթացքում մեծ մասամբ հաշվի են առել Արցախյան վերջին պատերազմում հետախուզական եւ հարվածային անօդաչուների կիրառման փորձը։
Նա նշել է, որ հետախուզական եւ հարվածային անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ զանգվածաբար օգտագործվել են ԼՂ հակամարտության ընթացքում։
«Независимое военное обозрение» պարբերականին տված հարցազրույցում Դեմինն ասել է, որ 2021-ին Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի ստացած մարտական փորձը ներդրվել է Աշուլուկ եւ Տելեմբա զորավարժարաններում մարտավարական վարժանքների ընթացքում:
Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն հայկական զինուժի դեմ կիրառել է իսրայելական եւ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր։