Վարչապետը շարունակում է պնդել, որ իր որդուն՝ Աշոտին, պատրաստ է հանձնելու ադրբեջանցիներին մեր գերիների դիմաց։ Հիմա էս տեղեկությանը նայեք միջազգային հանրության աչքով։ Հրեաների առաջին ռեակցիան կլինի՝ тоже мне Авраам։ Գերմանացիները կարձանագրեն, որ Ստալինի գերեվարված որդուն փոխանակելու օրերից շատ ջրեր են հոսել։ Եթե հիշում եք, Ստալինը հրաժարվեց իր որդի Վասիլիին գերմանացի ֆելդմարշալ Պաուլուսի հետ փոխանակելուց։ Որդին սպանվեց։
Մեր վարչապետն ինքնակամ է տալիս որդուն։ Հիմա ինձ դնում եմ ադրբեջանցիների տեղը։ Իմ ինչի՞ն է պետք Փաշինյանի որդին. ավելորդ աղմուկ է, Աշոտը կհերոսացվի, Փաշինյանն էլ կընկալվի որպես մեկը, որը սեփական որդուն չխնայեց, ինչպես Աստված։ Փաշինյանն այդպիսով դառնում է ամբողջ ազգի հայր, որը տարբերություն չի դնում իր զավակներից ոչ մեկի միջև։ Բա ադրբեջանցիներին դա պե՞տք է։ Էլ չենք ասում, որ ադրբեջանցիները Աշոտին պահելով ընկալվելու են վայրենի։
Մի խոսքով, Աշոտն իրենց պետք չէ, հիմա ցանկացած գերի Աշոտից ավելին արժե, որովհետև նրանից մեծ աղմուկ չի սարքվում, սարքողը հայերն են, բայց ադրբեջանցիները դրան կդիմանան։ Էլ չենք ասում, որ հիմա Ադրբեջանն ինչ-որ իմաստով ընկալվում է հայ գերիների գոյության երաշխավոր, որովհետև պարզ չէ, թե նրանց ինչ է սպասում Հայաստանում. իշխանության ամենաբարձր մակարդակով նրանք հռչակվել են դավաճաններ։
Հաջորդ հարցը, որն ինձ որպես հայր է հետաքրքիր։ Փաշինյանը կենդանի մարդու մասի՞ն է խոսում, երբ ասում է, որ պատրաստ է նրան տալու ադրբեջանցիներին։ Եթե այո, այդ կենդանի մարդը չունի՞ սեփական խոսքի իրավունք։ Եթե անգամ Աշոտը համաձայն է հոր հետ և պատրաստ է հանձնվելու ադրբեջանցիներին, ինչո՞վ է դա տարբերվում կամավոր հանձնված մեր մյուս տղաների վարքից՝ փոխանակման փաստո՞վ։ Բայց Աշոտը հաստատ պետական և ռազմական գաղտնիքներ կիմանա, այսինքն՝ դուք ուզում եք՝ Ադրբեջանն իմանա ավելին, քան գիտի հիմա՞ (եթե, իհարկե, համաձայնի վերցնել Աշոտին)։
Ինչո՞ւ Աշոտը չգնա սահման ու օրինակ ցույց տա, թե ինչպես չի հանձնվում զինվորը, գերեվարվածների մեջ կան, չէ՞, պայմանագրայիններ կամ նույնիսկ կամավորներ։ Ինչո՞ւ եք միջպետական հարցից սարքում հայր ու որդու հարց։ Երբ Աշոտին բերում եք առաջին պլան, ընդամենը անլրջացնում եք թեման, որովհետև պարզ է, չէ՞, որ Ադրբեջանը երբեք չի ասի՝ տվե՛ք Աշոտին։ Ադրբեջանում հաստատ ապուշներ չեն նստած, այնտեղ գիտեն, որ 62 գերին 62 ընտանիքի ողբերգություն է, հետևաբար ինքն իրենով Աշոտը քիչ է ռազմական գաղտնիքների չտիրապետող 62 կամ գուցե մի քիչ պակաս գերիներից։ Այնպես որ գո՛րծ արեք։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: