Իտալիայի խորհրդարանականները Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել հայտարարություններով։
«Այն, ինչ կատարվում է Կովկասում, մտահոգիչ է: Անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 44-օրյա պատերազմը դարձավ ավելի քան 6500 մարդու մահվան եւ ավելի քան 90000 տեղահանվածների պատճառ: Թեեւ 1991 թվականից է, որ երկու երկրների միջեւ շարունակական եւ ծածուկ հակամարտությունը պարբերաբար հանգեցնում է ծանր զինված բախումների։ Անցյալ տարվա նոյեմբերին՝ վերջին զինադադարի հռչակումից մեկ տարի անց, ծանր զինատեսակները, ցավոք, նորից գրավեցին բեմը»,- նշել է Պատգամավորների պալատի անդամ, Խառն-այլընտրանքային խմբակցության անդամ Ալվիզե Մանիերոն։
Նա ընդգծել է, որ ամենամտահոգիչը հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումն է, որի հետեւանքով ադրբեջանական զինուժը հարձակվել է Հայաստանի հետ սահմանային որոշ կետերի վրա՝ խորանալով մինչեւ 5 կմ դեպի հայկական տարածք։ Ուժի ցանկացած կիրառում դատապարտելի է: Այնպես, ինչպես դատապարտելի է ինքնիշխան պետության՝ Հայաստանի դեմ ուժի կիրառման ցանկացած սպառնալիք:
«Տասնյակ հայ զինվորներ գերեվարվել են ադրբեջանական զինուժի կողմից: Ռազմագերիների նկատմամբ ոչ միայն չեն ապահովվում Ժնեւի երրորդ կոնվենցիայով նախատեսված իրավունքները, այլև ընդհակառակը, նրանց վերաբերվում են որպես «ահաբեկիչների»: Այս ամենն անընդունելի է։ Ժամանակն է, որ ռազմագերիները վերադարձվեն իրենց ընտանիքներին՝ առանց հապաղելու։
Լուրեր են ստացվում նաեւ մարդու իրավունքների խախտումների եւ կրոնական եւ էթնիկական հիմունքներով խտրականության վերաբերյալ բնակչության նկատմամբ, ով արդեն բավականաչափ տուժել է վերջին տարիներին: Ցավոք, հակամարտության տարածքները անհասանելի են ինչպես լրագրողների, այնպես էլ մարդասիրական բնագավառի աշխատողների համար։ Թեեւ պետք է հուսալ, որ նման լուրերն անհիմն են, սակայն անցյալը թույլ չի տալիս այդ հույսը տածելու»,- շեշտել է իտալացի պատգամավորը:
Ալվիզե Մանիերոն հղում է արել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի վճռին՝ նշելով, որ դատավորները հրամայել են Ադրբեջանին ապահովել ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր գերիների անվտանգությունը, կանխել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը եւ դատապարտել մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը:
«Ուստի մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը հետ քաշվի իր գրաված դիրքերից եւ անհապաղ վերադարձնի համապատասխան գերիներին։ Հակառակ պարագայում Իտալիայի կառավարությունը պետք է լսելի դարձնի իր ձայնը նաեւ Եվրոպայում՝ Բաքվի կառավարության նկատմամբ համապատասխան նախաձեռնություններ ցուցաբերելով եւ Կովկասում խաղաղության վերականգնման համար ցանկացած օգտակար միջոց օգտագործելով»,- եզրափակել է իտալացի պատգամավորը։
Կոչ միջազգային հանրությանը
Ըստ AGI (Agenzia Giornalistica Italia) գործակալության՝ իտալացի մեկ այլ պատգամավոր՝ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ, խառը խմբակցության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի եւ Coraggio Italia կուսակցության անդամ Ջորջո Սիլլին, հայտարարել է, որ Եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին շարունակում է լարված մնալ՝ վերջինիս կողմից զինադադարի շարունակական խախտումների պատճառով։
Պատգամավորը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադիր լինելու՝ ԼՂ-ում եւ ՀՀ սահմանին նոր բռնությունից կամ համաձայնագրերի խախտման շարունակությունից խուսափելու համար։
Ջորջո Սիլլին ընդգծել է, որ Հայաստանի կողմից համագործակցության իրական ցանկություն կա, ուստի «ճիշտ է նրան աջակցել բոլոր միջոցներով, որպեսզի այս տարածքը նույնպես կարողանա կայունանալ խաղաղ պայմաններում»։