Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իշխանության ղեկը ստանձնելուն պես Ջո Բայդենը վերադառնալու է Իրանի հետ միջուկային գործարքի իրականացմանն ու վերացնելու է պատժամիջոցները:
«Չեմ կասկածում, որ Իրանի եռամյա դիմադրությունը ստիպելու է, որ ԱՄՆ նոր կառավարությունը գլուխ խոնարհի Իրանի ժողովրդի առաջ եւ սկսի կատարել հանձնառություններն ու կասեցնել պատժամիջոցները»,-ընդգծել է Իրանի նախագահը:
Ավելի վաղ Բայդենը New York Times-ին տված հարցազրույցում հաստատել էր իրանական Միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ պլանի ձեւաչափին վերադառնալու եւ Թեհրանի հետ դրա շուրջ բանակցությունները վերսկսելու մտադրությունը:
Նա նշել էր, որ իր վարչակազմը դաշնակիցների ու գործընկերների մասնակցությամբ մտադիր է վերականգնել բանակցությունները, հետագա համաձայնագրով խստացնել եւ երկարացնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ սահմանափակումները, ինչպես նաեւ զբաղվել այդ երկրի հրթիռային ծրագրով: