Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերիներից լեյտենանտ Սերժիկ Ամիրխանյանը կալանավորվել է։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ սպայի պաշտպան Լեւոն Վարդապետյանը հայտնել է, որ դատարանը բավարարել է Ամիրխանյանի կալանքի միջնորդությունը։
Շաբաթ օրը Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել նրանց կալանավորման համար։ Այս արարքը պատժվում է երեքից ութ տարի ազատազրկմամբ։
Նախկին գերի, զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը հայտնել է, որ դատարանը մերժել է Երիմյանին կալանավորելու միջնորդությունը։ Մյուս երեք մեղադրյալների վերաբերյալ որոշումներ դեռ չեն ընդունվել։
Մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ Սյունիքի ու Վայոց Ձորի սահամանագոտու մարտերի օրը։ Հայկական կողմն այդ օրը երկու դիրք է կորցրել։ Գործի շրջանակում ավելի վաղ կալանավորվել են կորսված դիրքի երկու պատասխանատուները՝ մարտական ծառայության կանոնները խախտելու մեղադրանքով։