ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասը խաղաղության, անվտանգության եւ զարգացման տարածաշրջան դարձնելու հարցում։
«Օրբելի» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում դեսպանն ընդգծել է, որ ռուսական միջնորդական ջանքերն այսօր բախվում են մի շարք ակնհայտ դժվարությունների։ Դրանք նախ եւ առաջ բխում են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների համար շատ առումներով որոշիչ սուր խնդիրներից, դրանց թվում՝ պատմական շերտավորումներից։ Այս հանգամանքը շատ բարդ քաղաքական եւ զգացմունքային ֆոն է ստեղծում իրավիճակի կարգավորման, խնդիրների շտկման փոխընդունելի ուղիների որոնման ցանկացած ջանքի համար:
ԼՂ կարգավիճակի հիմնարար հարցը
Դիվանագետն ընդգծել է, որ ստիպված են հաշվի նստել նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիմնարար հարցի նկատմամբ կողմերի տրամագծորեն հակառակ մոտեցման, ինչպես նաեւ իրավիճակի վրա ներքաղաքական գործոնների եւ երրորդ երկրների ու աշխարհաքաղաքական խաղացողների շահերի ազդեցության հետ։
Կոպիրկինը շեշտել է, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին եռակողմ մեխանիզմներ եւ փաստաթղթեր չի պարտադրել․ դա Երեւանի եւ Բաքվի հետ քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որը հիմնված է շահերի հավասարակշռության եւ ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա։
Ռուս խաղաղապահները երաշխավորում են հրադադարի ռեժիմի պահպանումը
Դեսպանն ընդգծել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունը բոլորից լավ կարող են գնահատել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է նաեւ իր առաջնային խնդիրը․ երաշխավորում է հրադադարի ռեժիմի պահպանումը՝ էական ներդրում ունենալով տարածաշրջանում իրադրության կայունացման եւ անվտանգության ապահովման գործում: Դրա համար հսկայական մարդկային ու նյութատեխնիկական ռեսուրս է կիրառվում։
«Այո՛, միջադեպեր, ցավոք, լինում են։ Դրանցից յուրաքանչյուրի դեպքում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի իրավիճակը չսրվի, համապատասխան հետաքննություններ են անցկացվում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության մասնակցությամբ եւ կողմերի իրավասու մարմինների ներգրավմամբ։ Ելնում ենք նրանից, որ եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները պետք է ամբողջությամբ կատարվեն»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ասել է դեսպանը։
Հետեւողական քայլեր պահվող անձանց հարցի լուծման ուղղությամբ
Կոպիրկինն ընդգծել է, որ հետեւողական քայլեր են ձեռնարկվում պահվող անձանց հարցը լուծելու ուղղությամբ։ Դրա արդյունքն էր նաեւ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանից եւս 10 քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Ռուսական կողմի միջնորդությամբ ՀՀ 115 քաղաքացի է վերադարձել տուն։
Դեսպանը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում։ Ըստ նրա՝ Մինսկի խմբի ներուժը չի սպառվել, մասնավորապես տարածաշրջանի սոցիալ-տնտեսական եւ մարդասիրականխնդիրների լուծման համատեքստում: