Ըստ շվեդական Dagens Nyheter («Օրվա նորություններ») պարբերականի՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով Դանիայում վարակված անձանց 75 տոկոսը վիրուսի դեմ լիարժեք պատվաստված անձինք են: Իսկ ոմանք վարակվել են, թեեւ անգամ ստացել են պատվաստանյութի բուստերային՝ խթանիչ չափաքանակ:
Մասնավորապես, Դանիայում «Օմիկրոն» շտամով վարակված 1280 մարդուց 956-ը ստացել են պատվաստանյութի կրկնակի դեղաչափ, իսկ 114-ը՝ եռակի:
Դանիական TB2 հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին օրերին «Օմիկրոն» շտամով վարակվում են հատկապես 20-29 տարեկան երիտասարդները: Փորձագետները նշել են՝ այս տվյալները վկայում են, որ նոր տեսակի մանրէահիմքը ակտիվորեն տարածվում է գիշերային ակումբներում, որտեղ հաճախ այցելում է երիտասարդությունը: Նաեւ այս պատճառով է, որ Դանիայի կառավարությունը դեկտեմբերի 10-ին որոշում է ընդունել փակել գիշերային ակումբները, իսկ բարերն ու ռեստորաններն աշխատելու են մինչեւ կեսգիշեր: