Սյունիքում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման, նոր ձեւավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների, սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված որոշումը մարզի բնակիչների համար բողոքի ու ճանապարհներ փակելու առիթ է դարձել:
Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգոր Թադեւոսյանի կարծիքով՝ մարդկանց անհանգստությունը բնական է. առաջ հեռու էր ադրբեջանցին, հիմա մոտեցել է, ինչն էլ հոգեբանական ճնշվածություն է առաջացրել մարդկանց մոտ:
Գրիգոր Թադեւոսյանը, սակայն, վստահ է, որ վտանգը սահմանի հեռու կամ մոտ լինելով չի պայմանավորված:
«Սահմանը մեզնից տասը մետր հեռավորության վրա է, թե՞ տասը հազար, դեռեւս ոչինչ չի նշանակում: 1990-ականներին, օրինակ, մեզ քսանհինգ-երեսուն կիլոմետր հեռավորությունից են խփել: Մենք այսօր չենք կարող ասել՝ անվտանգության համար Հորադիզից այս կողմ մի եկեք: Պայմանավորվածություն է եղել, որ գրավված շրջանները հանձնվեն, իսկ այդ շրջաններ ասվածը իրենց սահմաններն ունեն: Իհարկե, մենք պաշտպանելու ենք մեր սահմանները, հենց այնպես չենք թողնելու». «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում ասաց մարզպետարանի աշխատակիցը:
Մեր հարցին, կկարողանա՞ մարզի բնակչությունն ադրբեջանցիներին այդքան մոտ ապրել, նա պատասխանեց. «Համաշխարհային պատմության մեջ դեպք չգիտեմ, որ պատերազմից հետո պատերազմող ժողովուրդների միջեւ մեկընդմիշտ վերանան հարաբերությունները: Ֆրանս-պրուսական այդքան պատերազմներ են եղել, նորից հաշտվել են: Երկրորդ համաշխարհային պատերազմին մինչեւ 70 միլիոն մարդ է կոտորվել, բայց ներգրավված եւրոպական բոլոր ժողովուրդները հաշտվել են իրար հետ, ուղղակի մեր վերքը հիմա թարմ է, ծանր է, եւ շատ մարդիկ չեն պատկերացնում ինչպես կլինի: Ժամանակը ցույց կտա: Իմ կարծիքով, եթե նոր լարում չառաջանա, հնարավոր կլինի կամաց-կամաց ապրել իրար կողքի: Այսօր կարող է նման մտքերը շատ վատ ընդունվեն՝ ո՞նց թե թուրքի հետ կարող ենք հաշտ ապրել, բայց այլ տարբերակ ունե՞նք: Ոչ մենք ենք Լուսին թռչելու, ոչ՝ ադրբեջանցիները, կողք-կողքի ապրելու ենք: Կողք-կողքի ապրելը պարտադրելու է ինչ-որ խաղի կանոններ՝ դա կլինի հաշտություն, թե՞ նոր պատերազմ, առաժմ վաղ է ասել, բայց մի բան հստակ է՝ հավերժ պատերազմի մեջ էլ չենք կարող ապրել»:
Գրիգոր Թադեւոսյանը լավ է հիշում, որ սահմանների, ճանապարհների հարց Սյունիքի, հատկապես Կապանի հատվածում միշտ է եղել, նույնիսկ խորհրդային խաղաղ օրերին:
1990-ականներից բոլոր միջազգային կառույցները հորդորում էին, որ այդ տարածքները պետք է հետ տրվեն, իսկ մենք աքլոր էինք կտրել: Ահա հետեւանքը: Պատերազմները լավագույն լուծումները չեն խնդիրների, մանավանդ որ աշխարհը չի ընկալում, չի հասկանում, իսկ մենք թքեցինք աշխարհի վրա եւ այս օրն ընկանք։
«Ժամանակին որ այդ ճանապարհը սարքել են, հաշվի չեն առել հետագա վտանգները, ասել են՝ մի պետություն ենք էլի եւ սարքել են: Երբ հարց է առաջացել, ճանապարհի մի հատված մեր օգտին է գծվել, մի հատված՝ իրենց օգտին: Շրջկոմի առաջին քարտուղարը հարեւան Ադրբեջանի շրջկոմի առաջին քարտուղարի հետ կարող էր խոսել, պայմանավորվել ինչ-որ հարցերում: Բայց ասեմ նաեւ, որ այսպիսի դեպք էլ է եղել, երբ մեր պաշտոնյան գնացել է, ճանապարհի հարց են քննարկել, խնդիր է դրված եղել, որ մի երկու տեղ մեր ճամփան իրենց շրջանով անցնի, ադրբեջանցին ասել է, օղո՛ւլ, դու քո ճամփան քո տարածքով անցկացրու։ Հայն ասել է՝ դե մի երկիր ենք էլի, նա էլ թե՝ չգիտես վաղը, մյուս օրը ինչ կլինի։ Վաթսուն տարի առաջ ադրբեջանցին այդ բանն ասել է»,-հիշում է Գրիգոր Թադեւոսյանը:
Մարզպետարանի պաշտոնյայի կարծիքով՝ այս պատերազմն ամենացավոտն էր մեզ համար, իսկ դրանից խուսափել-չխուսափելը, հիմնականում մեզանից էր կախված։
«Ոչ մի պատերազմի ելքն ի սկզբանե կանխորոշված չի լինում: Մենք միայն պիտի լավ սպառազինվեինք անցած բոլոր տարիներին եւ բանակը տակտիկապես պատրաստեինք, դա չենք արել։ Դրան զուգահեռ խոսել ենք, թե Բաքվում կիսատ գործեր ունենք, գնանք անենք, կողքից էլ թեյ խմենք լավագույն թեյարանում: 1990-ականներից բոլոր միջազգային կառույցները հորդորում էին, որ այդ տարածքները պետք է հետ տրվեն, իսկ մենք աքլոր էինք կտրել: Ահա հետեւանքը: Պատերազմները լավագույն լուծումները չեն խնդիրների, մանավանդ որ աշխարհը չի ընկալում, չի հասկանում, իսկ մենք թքեցինք աշխարհի վրա եւ այս օրն ընկանք»,-ցավով ասում է Գրիգոր Թադեւոսյանը, որը խորհրդային տարիներին պատմության ուսուցիչ է աշխատել:
«Ցավն այն է, որ այսօրվա պատմությունն էլ գրվելու է այնպես, ինչպես ձեռնտու է օրվա վարչակազմին: Միշտ էլ այդպես է եղել, սկսած Վարդանանց պատերազմից: 1990-ականների պատերազմի մասին գիրք է հրատարակվել, կարդում եմ, ապշում, թե ինչպիսի մարդկանց են հերոսացրել»,-ասում է մեր զրուցակիցը, ավելացնելով, որ այս պահին իր միակ սպասելիքը ներքաղաքական ճգնաժամի լուծումն է, որից հետո նոր կարելի է մտածել մյուս քայլերի մասին:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։