հատված վեպից
Հեղինակի կողմից՝ հատուկ «Ալիքի» ընթերցողների համար – Սա մեր եռագրության երկրորդ վեպն է, որը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ: Առաջինը՝ «Աբկայ. մեռնելու պարունակները» վերնագրով լույս է տեսել 2007 թվականին (Երեւան, «Նաիրի» հրատարակչություն):
Ներկայացվող հատվածն ավելի ընկալելի դարձնելու համար մի փոքր պարզաբանում. Բեռլինում մագիստրոսական ծրագրով սովորող Սեթը, լսելով ապրիլյան պատերազմի լուրն, անմիջապես վերադառնում է հայրենիք եւ ապրիլի 4-ից կամավորական ջոկատներից մեկի հետ մեկնում Արցախ, 10 օր անցկացնում սահմանին: Վերադարձին երկու օր մնում է իրենց տանը՝ Մեղրիում, ապա գալիս Երեւան՝ նորից Բեռլին մեկնելու համար:
Սեթն իջավ Օպերայի մոտ, բարձրացավ Տերյան ու մտավ իր սիրած ճաշարանը՝ ճաշելու:
— Սե՞թ…
Համակուրսեցիներից էր, գերազանցիկն ու ուսխորհրդի կարկառուն դեմքը, որ մագիստրատուրան ավարտել, հիմա էլ ասպիրանտուրա էր սովորում, նաեւ կուսակցական էր դարձել. «Ապեր, բա ի՞նչ անեմ, ապրել ա պետք»,- մի անգամ ասել էր շրջապատում: Ու ապրում էր, վատ չէր ապրում. պաշտոն ուներ իշխող կուսակցության երիտասարդական հիմնադրամում, լավ ճառեր էր ասում հայրենասիրության մասին, իսկ դեռ ուսանող ժամանակներից էլ տեղին-անտեղին Նժդեհին էր ցիտում…
— Սե՞թ… Բա դու Բեռլինում չե՞ս…
— Էլի գնում եմ: Երկու շաբաթով էի եկել:
— Չլինի՞ եկել՝ Արցախ էիր գնացել:
— Հա,- կարճ կապեց Սեթը՝ չցանկանալով ծավալվել: Չէր սիրում նման բաների համար գլուխ գովել:
— Յաաաա, բա ուսանող ժամանակ ասում էիր պատերազմը ատում ես, խաղաղություն ես ուզում, — իր արեւին Սեթին էր կպնում գերազանցիկը: — Տեսա՞ր, որ թուրքը մնում է թուրք,- ապա՝ հանդիսավոր, — եւ մենք միշտ պիտի պատրաստ լինենք դիմագրավելու ոսոխին…
— Տեսնում եմ, որ էսքան տարի անց էլ ոչինչ չես հասկացել, — ասաց Սեթն ու ցանկանում էր հեռանալ, բայց միտքը փոխելով՝ շարունակեց,- հա, ես հիմա էլ ատում եմ պատերազմը, ու չեմ պատկերացնում, որ մարդ կլինի՝ կսիրի պատերազմն ու կատի խաղաղությունը: Բայց երբ ինձ կռիվ են պարտադրում, ես չեմ խուսափում: Իսկ խաղաղության հասնում են ուժեղանալով: Նժդեհն ի՞նչ կասեր էս դեպքում…
Իվետայից հետո երկրորդ անհումոր մարդն էր մի օրվա մեջ պատահում. չհասկացավ Սեթի հեգնանքը.
— Նժդեհն այս դեպքում ասում է. «Պատերազմիր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից», — չիմանալով ինչ ասել, գերազանցիկը մեջբերեց գլուխը եկած առաջին միտքը, որ իրենց զրույցի հետ կապ էլ չուներ:
— Իսկ դո՞ւ …
— Ես էլ իմ կռիվն եմ վարել, — հանեց հեռախոսն ու ցույց տվեց իր լուսանկարը՝ մի խումբ զինվորականների հետ, — այ, էս մոտիկ գնդերից մեկում եմ, զինվորների մարտական ոգին եմ բարձրացնում՝ հայրենասիրության մասին դասախոսություն եմ կարդում:
— Հաաա, կեցցես… Զինվորները քո ելույթը լսելով երեւի տոգորվեցին բուռն հայրենասիրությամբ,- գերազանցիկը դարձյալ չընկալեց հեգնանքը:
— Էն էլ ոնց: Մանավանդ «կամանդիրն» էլ էնքան էր ոգեւորվել իմ ելույթով, որ երեկոյան հո պատիվ չտվեց, հո պատիվ չտվեց…
Սեթը հասկացավ, որ զրույցը շարունակելն անիմաստ է: Արագ ավարտեց ճաշն ու ասաց.
— Ափսոս, մեզ մոտ՝ դիրքեր չեկար դասախոսության, տղերքը դրանից հետո հաստատ ազատ ժամանակ քո մտքերն ու քեզ կքննարկեին… Ի~նչ ես կորցրել…
— Լո՞ւրջ,- հարցրեց գերազանցիկը,- հեսա որ դիսերտացիաս պաշտպանեմ՝ կասեմ մի անգամ էլ թող սահմանային դիրքեր ուղարկեն: Շատ չեն կրակում, չէ՞, արդեն…
Սեթը պատկերացրեց դրան դիրքերում, ու հիշեց, թե ոնց սելֆի անելու եկած մի պատգամավորի տղերքը ձեռ առան:
Պատգամավորը երեք թիկնապահի ուղեկցությամբ բարձրացել էր դիրք: Բացի էդ պահին հերթապահություն անողներից, մնացածները թեթեւ ճաշում էին՝ պահածո, հաց, պանիր… Պատգամավորին էլ առաջարկեցին, սա թե՝ «Չէ, տղերք ջան, ինձ Ստեփանակերտում լավ կերակրել են»,- ու էդ զրուցելու պահը երեք թիկնապահները տարբեր ռակուրսներից նկարում էին, որ հետո ինտերնետով տարածեն ու գրեն՝ «Պատգամավորը կամավորերի հետ մի ամբողջ օր անցկացրեց դիրքերում»:
— Բա ինչի՞ կարիք ունեք, ինչո՞վ կարամ օգնեմ…
Սեթը, որ կյանքում համարյա չէր հայհոյում, ցանկանում էր ասել «քո սիքտիր լինելով», բայց չհասցրեց, որովհետեւ գյումրեցի կատակասեր տղերքից մեկը թե.
— Պարոն դեպուտաՆտ ջան, — էդ ն-ն հատուկ շեշտեց, սովորաբար ասում էր «դեպուտանկա», բայց չգիտես ինչու սրան խղճաց,- օր էրթաս Էրեւան, մեզի համար քիչըմ տանկի քլիրենս* կուղարգիս, էստեղ դժվար կճարվի…
Դեպուտատը մի պահ կարկամեց, կարծեց իրեն հայհոյում են. բառի իմաստը չգիտեր, հարցնել էլ չէր կարող, ամոթ կլիներ իր նման տղու համար՝ ցույց տար, թե ինչ-որ բան չգիտի:
— Հարց չկա, տղերք ջան, մենք մեր բանակի հըմար ամեն ինչ կանենք…
Զինվորների քրքիջը հետո պայթեց՝ դրա գնալուց րոպեներ անց… Տղերքը գիտեին, որ ինչ էլ խնդրեին՝ գնալուց հետո, մեկ է, մոռանալու է ու խոստումը չի կատարելու, բայց գլուխ է գովելու, թե արել է: Ու պատկերացրին, թե ոնց է ընկերներին պատմելու, թե բանակի համար «տանկի քլիրենս» է ուղարկել ու մինչեւ անհրաժեշտ քանակի ճարել է՝ սաղ քաղաքը ոտի տակ է տվել…
Հիմա ճաշարանում սա հիշելով՝ Սեթը քրքջաց: Ճաշողները նայեցին իր կողմը, իսկ գերազանցիկը՝ բութ հայացքը հառել ու չէր հասկանում ծիծաղի իմաստը:
— Բան հիշեցի, — մի կերպ ծիծաղը զսպելով, ասաց Սեթը, — բայց որ գնաս դիրքեր, չմոռանաս մի քանի տուփ լավ, թանկարժեք ու ամուր պահպանակ տանես, տղերքը դրա կարիքը շատ ունեն…
— Բայց էնտեղ դա ինչի՞ համար ա պետք,- զարմացավ գերազանցիկը։
Սեթը մի կերպ իրեն զսպեց, որ չասի. «քեզ նմանների գլխին քաշելու».
— Դաշտային արշավների ժամանակ դրանց մեջ ջուր են պահում… Աֆղանստանում կռվածներն են սովորեցրել…
— Լո՞ւրջ, այ քեզ բան: Դե ուրեմն, անպայման, աչքիս վրա, կտանեմ…
Սեթն, իհարկե, գիտեր, որ մեր զինվորները ջուր պահելու այդ ձեւը չեն օգտագործում, միայն Սովետի տարիներին Աֆղանստանում ծառայած մի քանի վետերեններ են սովորույթի ուժով պահում իրենց մոտ պահպանակներ: Պարզապես շատ կուզենար տեսնել զինվորների ռեակցիան, երբ այս գերազանցիկը կասի. «Տղերք, ձեզ համար որակյալ պահպանակներ եմ բերել…»:
— Արի հրաժեշտից առաջ մի հատ սելֆի անենք,-ասաց գերազանցիկը:
— Չէ, — ասաց Սեթը, — ինձ չի կարելի լուսանկարվել,- ապա թեքվեց ու ականջին շշնջաց, — ես հատուկ առաջադրանք էի կատարում, իմ դեմքը պիտի գաղտնի մնա…
Գերազանցիկի ապշահարությունը կատարյալ էր…
Բայց էսքանով օրվա իրադարձությունները չավարտվեցին:
Տաքսի նստեց, որ գնա օդանավակայան, վարորդը՝ ջահել մի տղա, անմիջապես զրույց սկսեց՝ «ո՞ւր ես գնում», «երկար ժամանակով, թե՞ ոնց»… Սեթն անհավես պատասխանեց, թե Բեռլին է գնում:
— Ճիշտ էլ անում ես, ախպերս,- ասաց տաքսիստը,- ստուց փախնել ա պետք: Տեսա՞ր ինչ էր կատարվում՝ թուրքը հարձակվեց, 100 մարդու գլուխ կերավ… Ախպորս ասեմ, որ նենց չի, ոնց սրանք ներկայացնում են: Գիտե՞ս էդ իբր թուրքին հետ քշելուց հետո ինչեր ա եղել… Ասեմ իմանաս, ախպերս. մեր կամավորները, որ սահման գնացին, էնտեղ լիքը ուրիշ բաներ եղան, որի մասին ոշշշշ մեկը չգիտի: Մի անգամ, ուրեմն տղերքը տենում են, որ էլի ադրբեջանցիների դրոն ա գալիս՝ ուղիղ իրանց վրա: Ախպորս ասեմ, տղերքը էդ դրոնը խփում են, հետո սկսում են մտածել, որ էդ դրոնն իրանց վրա էր գալիս, որովհետեւ ինչ-որ մեկը հեռախոսը միացրած ա պահել: Գիտես չէ՞, որ էդ դրոնները գալիս են հեռախոսի ազդանշանի վրա: Վոբշըմ, ախպորս ասեմ, ջոկատի հրամանատարը սաղին շարում ա, էդ դրոնը խփողին պարգեւատրում, հետո բոլորի հեռախոսները հանել ա տալիս, ու տեսնում ա ումն էր միացրած, սրան ասում ա «փասափուսեդ հավաքի ու ստուց սիքտիր էղի», որովհետեւ դրա պատճառով սաղովի կարային վարի էթային:
— Դու էնտեղ էի՞ր,- հարցրեց Սեթը,- կամավորներից ե՞ս..
— Չէ, ախպեր, հերս ա եղել էդ ջոկատում: Ասեմ իմանաս՝ էդ դրոնը խփողն էլ հենց հերս ա եղել:
— Որտե՞ղ է եղել, ո՞վ էր ջոկատի հրամանատարը…
Ջահելը տվեց Սեթենց ջոկատի հրամանատարի անունը եւ ճշտիվ նշեց իրենց ծառայության վայրը:
Սեթը կատաղել էր: Մտածում էր՝ ոնց սրան հասկացնի, որ իր հերը ստախոս գլուխգովան է: Ջահելին չէր ուզում վիրավորել, բայց մի բան պիտի ասեր: Երբ հասան օդանավակայան, Սեթը վճարելուց հետո ասաց.
— Չգիտեմ հայրդ ով ա, բայց երեկոյան տանը հորդ կասես պասաժիրիս պատմեցի քո հերոսությունը, ինքն ասաց «կգնաս հորդ կասես ձեր ջոկատի Սեթը բարեւում էր…»:
— Դու էլ ես էնտեղ ծառայե՞լ…
Սեթն այլեւս չպատասխանեց: Պայուսակը վերցրեց ու մտավ օդանավակայանի հաշվառման սրահ…
Հ. Գ. — Հեղինակը շնորհակալութուն է հայտնում կամավորական ջոկատներից մեկի անդամ Գարիկ Մելքոնյանին, որի պատմածները Ապրիլյան պատերազմին առնչվող դրվագների հիմք են դարձել:
* Քլիրենս – Ցանկացած տրանսպորտային միջոցի, այդ թվում տանկի հատակի ամենացածր կետի եւ գետնի միջեւ ընկած տարածությունը: Տանկի դեպքում դա հավասար է մոտ 130 սանտիմետրի: «Քլիրենս բերելու» ուղարկելը նորեկների գլխին խաղ խաղալու բանակային հայտնի կատակ է:
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։