Պրակտիկ բժիշկների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի քննարկմանը ներկայացված, այնուհետեւ հետ ուղարկված օրինագիծն առողջապահության ոլորտում խառնաշփոթ է առաջացրել: Օրինագծով նախատեսվում էր աշխատավարձերի բարձրացում թերապեւտների համար 2500 լիրա (172 ԱՄՆ դոլար), նեղ մասնագետների ու ատամնաբույժերի համար՝ 5000 ական լիրա (344 ԱՄՆ դոլար):
Նախագիծն առաջացրել էր փոփոխության մեջ չներառված առողջապահության համակարգի մի շարք աշխատակիցների (բուժքույրերի, մանկաբարձների եւ այլոց) դժգոհությունը: Վերջիններիս դժգոհություններից հետո մեջլիսում քննարկվող փաթեթից օրինագիծը հանվեց եւ հետ ուղարկվեց առողջապահության հանձնաժողով՝ առավել հանգամանալից քննարկման:
Օրինագիծը հետ ուղարկելու հանգամանքն էլ հարուցել է բարեփոխումներով շահագրգռված բժիշկների զայրույթը: Թերապեւտներին, նեղ մասնագետներին եւ ատամնաբույժներին միավորող երկու արհմիություններ արդեն հայտարարություն են տարածել եռօրյա գործադուլի մասին: