Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) անցկացրած հետազոտության արդյունքներով` Հայաստանի ամենաաղքատ մարզեր են ճանաչվել Լոռին, Շիրակը եւ Տավուշը։
10%-ը ստիպված է եղել ամբողջ մեկ օր չսնվել
Վերոնշյալ մարզերում «Համայնքային աղքատության հաղթահարման կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակում 2021-ի օգոստոսին անցկացված հարցման տվյալներով` վերջին 12 ամիսների ընթացքում բնակչության 51%-ը գումարի սղության պատճառով անհանգստացել է բավականաչափ ուտելիք չունենալու պատճառով, իսկ 10%-ը ստիպված է եղել ամբողջ մեկ օր առհասարակ չսնվել։
Հարցումը հիմնվել է բազմաչափ աղքատության չափման՝ Համաշխարհային բանկի եւ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ազգային Բազմաչափ աղքատության ինդեքսը (ԲԱԻ) հաշվարկելու համար կիրառվող Ալքայր–Ֆոսթերի մեթոդաբանության վրա։
Աղքատության ամենացածր մակարդակը Տավուշում
Ըստ հետազոտության` աղքատության ամենացածր մակարդակը գրանցվել է Տավուշի մարզում (5.4 % ԲԱԻ-ով)։ Առօրյա սննդի եւ հագուստի համար բավարար գումար չունենալու առումով ամենաանապահովը Լոռու մարզն է (71.3%)։
Շատ քիչ համայնքների բնակիչներ (2.4%-ից պակաս) նշել են, որ ի վիճակի են կոմունալ վճարումները կատարելու «հեշտությամբ» կամ «շատ հեշտությամբ»։
Նշված մարզերի բնակիչներից շատերը խոստովանել են, որ տարվա տարբեր եղանակներին հագնելու համար չունեն երկու զույգ պատշաճ կոշիկ։
Բնակարանային եւ առողջապահական խնդիրները եւս գերակշռում են մարզերում։ Ամենամեծ զրկվածությունն արձանագրվել է հանրային ծառայությունների (ջրամատակարարում, ջրահեռացում, աղբահանություն, էլեկտրամատակարարում եւ այլն) որակի կտրվածքով։
39.6%-ը՝ երկարաժամկետ գործազուրկ
Մարզերի տնային տնտեսությունների 65 եւ ավելի տոկոսը գրանցված չի եղել աղքատության նպաստների համակարգում։ Պարզվել է, որ շատ ընտանիքներ ուղղակի չեն բավարարել համակարգի պայմաններին։
Հետազոտությունը ցույց է տվել, որ երեք մարզում էլ աշխատանքի խնդիր կա` աշխատունակ տարիքի (15-75) անձանց կեսից ավելին (55.9%-ը) աշխատաշուկայի մաս չի կազմում, իսկ 39.6%–ը երկարաժամկետ գործազուրկ է։