Լյուստրացիա բառի ծագումնաբանությունը լատիներենից է (Lustratio), որ նշանակում է մաքրել կամ չեզոքացնել: Հին Հունաստանում եւ Հռոմում բառը ծիսական իմաստ ուներ, երբ կենդանիներ էին մատաղ անում նորածին երեխային չարքերից պաշտպանելու համար: Մշակութային մարդաբանության տեսանկյունից ուշագրավ այս ծեսը մի քանի փուլից էր բաղկացած, երբ տղա երեխաների ծննդյան 9-րդ, իսկ աղջիկների 8-րդ օրը լյուստրացիայի արդյունքում նորածնին ազատված էին համարում չար ոգիներից եւ ապա «մաքրված» կյանքի մուտքն ավետում հատուկ ծիսակարգով: Մանկահասակ երեխաների կենսամուտի այս յուրօրինակ մկրտությունից զատ, հին հունական ավանդույթում լյուստրացիոն ծեսեր կային նաեւ որեւէ նոր մեկնարկից առաջ. քաղաքներ, շենքեր կամ նյութական արժեքներ կառուցելիս, ռազմական արշավներից առաջ, կամ նախկինում տեղի ունեցած հանցագործության վայրը մաքրել-զտելու նպատակով հռոմեացի կայսրերի ու զորավարների համար լյուստրացիան ծիսական իմաստով ըստ էության մատաղի նշանակություն ուներ, երբ կենդանու զոհաբերությունն ու արյան առկայությունը պարտադիր էր:
20-րդ դարում լյուստրացիա բառը շրջանառության մեջ դրվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, մասնավորապես Արեւելյան Եվրոպայի արդեն նախկին սոցիալիստական երկրների անկախացումից հետո: Տերմինի ընտրությունը պայմանավորված էր անցյալի կոնկրետ ժամանակահատվածին քաղաքական եւ իրավական գնահատական տալու եւ ինքնամաքրման ճանապարհով պետական նոր կարգի, կամ նոր պետության ծնունդ ազդարարելու տրամաբանությամբ: Այսպես շղթայական ռեակցիայով լյուստրացիայի միջոցով կոմունիստական ժամանակաշրջանի իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին հայտարարեցին Հունգարիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, բալթյան երկրների, վերամիավորված Արեւելյան Գերմանիայի նորանկախ ղեկավարներն ու խորհրդարանները, այս գործիքը բնորոշելով նաեւ որպես անցումային արդարադատության մաս: Երկրորդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ ազդեցության տակ հայտնված երկրներից յուրաքանչյուրը, սակայն, յուրովի անցավ անցյալի վերարժեւորման իր ճանապարհը, որոշ դեպքերում չխուսափելով բռնություններից ու քաղաքական հաշվեհարդարներից:
Կարեւոր է արձանագրել, որ նշված նորանկախ պետությունների մեծ մասը խորհրդային տարիները բնորոշեցին որպես օկուպացիա, այս կերպ կասկածի տակ առնելով այդ շրջանի պետական կարգի օրինականությունը որպես այդպիսին: Որոշ պետությունների պարագայում, ինչպես օրինակ Լեհաստանում, լյուստրացիայի մասին առաջին օրենքը (1992) նախ Սահամանադրությանը հակասող ճանաչվեց եւ միայն 5 տարի անց քաղաքական եւ իրավական կոնսենսուսից հետո ֆորմալ գործընթաց հարուցվեց այս նպատակով ստեղծված պետական հատուկ գերատեսչության ստեղծումով: ԽՍՀՄ փլուզումից բաժանվող Չեխոսլովակիայի պարագայում ընտրվեց իրավական գործընթացից հրաժարվելու ճանապարհը, ինչն ըստ հիմնավորման, պայմանավորված էր փոփոխությունների հասնելու արդյունավետությամբ: Չեխիան ամբողջությամբ, իսկ Սլովակիան մեծամասամբ անմիջապես հասանելի դարձրեցին խորհրդային շրջանի հատուկ ծառայությունների եւ գաղտնի ոստիկանության նյութերը, արգելեցին այս ժամանակահատվածում նշված մարմիններում աշխատած անձանց ներգրավումը պետական ու դատական համակարգերում, բանակում, դատախազությունում, պետությանը պատկանող ընկերություններում: Չեխիայի արխիվներում հենց այս պահին որեւէ հետազոտող, լրագրող, կամ իրավաբան կարող է յուրաքանչյուր անձնական գործի ծանոթանալ առանց որեւէ հատուկ թույլտվության:
Խնդրի վերաբերյալ այլ լուծում է տրվել նախկին Արեւելյան Գերմանիայում` Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում (ԳԴՀ): Բեռլինի պատի փլվելուց հետո, 1991-ին արդեն միավորված Գերմանիան հատուկ օրենք ընդունեց խորհրդային շրջանի գաղտնի ոստիկանության` Ստազիի արխիվների վերաբերյալ: Արխիվային նյութերը տեղափոխվեցին բացառապես այս ժամանակաշրջանով զբաղվող պետական նոր գերատեսչության ենթակայության տակ, որը զբաղվում է 1950 թվականից ստեղծված Ստազիի ավելի քան 250 հազար աշխատակիցների եւ 180 հազարի հասնող ոչ պաշտոնական համագործակցողների` կոլաբորացիոնիստների գործերով: Գերատեսչության համաձայն, գաղտնի ոստիկանությունը շուրջ 5 միլիոն մարդու անձնական կյանքի ու ամենօրյա գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ է ունեցել, ինչը` արխիվային նյութի ծավալներով թերեւս աշխարհի մեծագույններից է: Սրա մասշտաբը պատկերացնելու համար արխիվային լեզվով ասած նյութերը պահպանելու համար 100 կիլոմետրից ավելի տարածք է օգտագործվել: Ի դեպ, խնդրով հետաքրքրվողներին մեծապես խորհուրդ կտամ դիտել Ստազիի գործունեությունը էկրանիզացրած Ֆլորիան Հենքելի «Ուրիշների կյանքը» ֆիլմը (The lives of others):
Օրենքի կամ իրավական կարգավորումների միջոցով ԽՍՀՄ անցյալը վերանայելու գործընթացը ժամանակային առումով տարբեր է եղել օրինակ Ռումինայում, որտեղ լյուստրացիայի մասին օրենքն ընդունվեց ընդամենը 7 տարի առաջ` 2012-ին: Ռումինիան, որտեղ կոմունիստները մինչ օրս շարունակում են քաղաքական գործոն լինել, օրենքի ուժով արգելել է 1945-1989 թթ. մի շարք պաշտոններ զբաղեցնող անձանց առնվազն 5 տարով երկրի պետական կառավարման համակարգում ներգրավվելն ու նույնիսկ ընտրություններին որպես թեկնածու մասնակցելը: Ռումինական օրենքը, սակայն, լայն քննադատության արժանացավ: Նշվում էր, որ այն մի կողմից ժամանակավրեպ էր, մյուս կողմից` հստակ քաղաքական դրդապատճառներ ուներ, իմա` այդ պահին գործող անցանկալի պաշտոնյաներին չեզոքացնելը:
Հակասական են եղել լյուստրացիայի վերաբերյալ քննարկումները Հունգարիայում, որտեղ 1990-ից ի վեր, առանց լյուստրացիա բառը կիրառելու կոնսենսուս կար նախկին տոտալիտար շրջանի կոնկրետ հանցագործությունների բացահայտման եւ դրանց մասնակիցներին պատժելու վերաբերյալ: Ի մասնավորի, 1956 թվականին տեղի ունեցած ժողովրդական ապստամբությունը, որը հունգարացիները հեղափոխություն են անվանում, երբ համաժողովրդական ճնշման արդյունքում Հունգարիայի ժողովրդական կուսակցությունը առժամանակ հեռացվեց իշխանությունից: Երկու շաբաթից ավելի տեւած ըստ էության անիշխանությունը կոշտ հակազդեցության արժանացավ Մոսկվայի կողմից: Բուդապեշտում սովետական տանկեր հայտնվեցին, քաղաքացիների եւ բանակի միջեւ բախումների հետեւանքով 2500 հունգարացի եւ 700 խորհրդային զինվոր զոհվեց: Եւ միայն 1957-ին` Կոմկուսի ապագա գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովը, ով այդ պահին հանդիսանում էր Հունգարիայում ԽՍՀՄ դեսպանը, պետք է վերականգներ կոմունիստական նոր կառավարությունը: Այսուհանդերձ, 1994-2003 ժամանակահատվածում, Հունգարիան լյուստրացիայի մասին օրենք ունեցավ, որի հիման վրա հրապարակվեցին խորհրդային շրջանի հարյուրավոր պաշտոնյաների անուններ:
Խորհրդային անցյալի հետ առնչվելու վերը ներկայացված եւ մի քանի այլ երկրներից յուրաքանչյուրի լյուստրացիոն ընթացքը, դրանց օրենսդրական հիմքերը, արխիվային նյութերի հասանելիության մակարդակը, այս պետությունների հանրային քաղաքական կյանքի վրա գործընթացի ազդեցությունը առանձին-առանձին կքննարկենք առաջիկայում: Այս հոդվածաշարի նպատակն է հասկանալ լյուստրացիան որպես անցումային արդարադատության գործիք կիրառած այլ պետությունների փորձը եւ դրա հնարավոր կիրառելիությունը Հայաստանի պարագայում:
շարունակելի
Մասնագիտությամբ արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան։ Խառնվածքով՝ քաղաքացիական ակտիվիստ։ Հոգով՝ ստեղծարար եւ նորարար։ Վրաստանի հայալեզու Ալիք կայքի հիմնադիրն է։