ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան գրառմամբ նշել է, որ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։
«Ադրբեջանի նախագահի փորձերը` տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ, որեւէ աղերս չունեն մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի են Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,- նշել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի պես:
Ալիեւը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը պարտավորություն է Հայաստանի համար, եւ որ այն նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ:
«Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն եւ մուտք դեպի Լաչինի միջանցք»,- ասել է Իլհամ Ալիեւը:
Նա հավելել է, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք:
«Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաեւ Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների եւ քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»,- պնդել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցել ճանապարհներ եւ ավտոճանապարհներ դեպի Նախիջեւան»։ «Բայց ճշգրիտ երթուղին, ճանապարհը դեռեւս որոշված չէ, սա ապագա բանակցությունների հարց է։ Այսօր եռակողմ հանդիպմանը մենք անպայման կքննարկենք այդ հարցը»,- հավելել է Իլհամ Ալիեւը։
Ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարության՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը թվիթերյան գրառմամբ հայտարարել է, որ Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որեւէ տեսակի վերահսկողության տակ, եւ այդ հարցը որեւէ առնչություն չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների բացման հետ: