Բրիտանական Quacquarelli Symonds վերլուծական ընկերությունը հրապարակել է 2021-ի Եվրոպայի եւ Միջին Ասիայի զարգացող երկրների լավագույն համալսարանների վարկանիշային աղյուսակը, որտեղ տեղ են գտել տարածաշրջանի 450 բուհեր, այդ թվում 5 բուհ՝ Հայաստանից։
Quacquarelli Symonds վարկանշային աղյուսակը գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանը։ Երկրորդ տեղում Չեխիայի Կառլովի համալսարանն է: Երրորդում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանն է:
Տարածաշրջանի համալսարանների թոփ տասնյակի 4-րդ հորիզոնականում Էստոնիայի Տարտուսի համալսարանն է, 5-րդ եւ 6-րդ հորիզոնականներում՝ երկու լեհական՝ Յագելոնի եւ Վարշավայի համալսարանները, 8-րդ հորիզոնականում՝ Չեխիայի Մասարիկով համալսարանը, 9-րդ հորիզոնականում՝ Տոմսկի պետական համալսարանը: Տասնյակը եզրափակում է «Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ» ազգային հետազոտական համալսարանը։
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը՝ 128-րդ, ԵՊՀ-ն՝ 173-րդ հորիզոնականում
Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանը 450 բուհերի ցանկում 131-րդից բարձրացել է 128-րդ հորիզոնական։ Երեւանի պետական համալսարանը զբաղեցրել է 173-րդ տեղը (նախորդ տարի 179-րդն էր):
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 241-250-րդ տեղերը կիսել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լատվիայի եւ Տաջիկստանի բուհերի հետ: Նախորդ տարի ՀՊՏՀ-ն եղել է 251-300 տեղերում:
Հայաստանի ամերիկյան համալսարանը 251-300-ից իջել է 301-350-րդ հորիզոնական
Պետական ճարտարապետաշինարարական համալսարանը 251-300-րդ տեղերը կիսել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի համալսարանների հետ։
Հայաստանի ամերիկյան համալսարանը (AUA) վարկանիշում 251-300-ից իջել է 301-350-րդ հորիզոնական, որտեղ նրան ընկերակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հունգարիայի, Ռումինիայի, Չեխիայի, Ղազախստանի, Մոլդովայի եւ Լատվիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները:
QS Quacquarelli Symonds-ը համալսարանների վարկանիշների կազմողն է 2004-ից ի վեր, նույն թվականին էլ հրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների առաջին վարկանիշը՝ QS World University Rankings-ը: Այդ ժամանակից ի վեր QS-ի վարկանիշները դարձել են համալսարանների արդյունավետության վերաբերյալ համեմատական տվյալների ամենակիրառելի աղբյուրը: Ընկերության առաջատար կայքը՝ www.TopUniversities.com, որտեղ հրապարակվում են վարկանիշները, 2020-ի ընթացքում դիտվել է 147 միլիոն անգամ։