Բելառուսի դատարանը բլոգեր եւ ընդդիմադիր գործիչ Սերգեյ Տիխանովսկուն դատապարտել է 18 տարվա կալանքի խիստ ռեժիմի գաղութում։
Սերգեյ Տիխանովսկուն եւ «Տիխանովսկու գործով» անցնող եւս 5 ակտիվիստների դատարանը կալանավորել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։
2010-ին նախագահի պաշտոնում առաջադրված քաղաքական գործիչ Նիկոլայ Ստատկեւիչը դատապարտվել է 14, բլոգեր Իգոր Լոսիկը՝ 15, Սվետլանա Տիխանովսկայայի առաջադրման նախաձեռնող խմբի անդամ Արտյոմ Սակովը՝ 16 տարի ազատազրկման։
Սերգեյ Տիխանովսկին՝ բելառուս ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինը, Ալեքսանդր Լուկաշենկոյի կոշտ ընդդիմախոսներից է, որը մտադիր էր մասնակցել ընտրություններին որպես նախագահի թեկնածու։ Սակայն մինչ առաջադրվելը նա կալանավորվել եւ ձերբակալվել էր, ինչից հետո կինը որոշեց առաջադրվել ընտրություններին։
Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել այն մարդուն, որին սիրում է, որն առաջնորդ է դարձել միլիոնավոր բելառուսցիների համար։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Բելառուսում անցած տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո ավելի քան 35 հազար մարդ է կամայականորեն կալանավորվել, հազարավոր բելառուսներ բռնաճնշումներից դրդված ապաստան են փնտրում արտասահմանում։