Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը El Pais իսպանական թերթի հետ զրույցում հայտարարել է, թե հայ գերիները Հայաստան վերադարձվելուց հետո անմիջապես ձերբակալվել են եւ հնարավոր է անգամ խոշտանգվեն։
«Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետեւաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, եւ դա կարելի է հաստատել»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Ալիեւը։
Նա պնդել է, որ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել ավելի քան 100 զինվորականների, որոնք հանցագործություն չեն կատարել ադրբեջանցիների դեմ։
«Այստեղ որեւէ գաղտնիք չկա։ Ցանկը հայտնի է, միջազգային կազմակերպությունները եւ հայերը գիտեն դրա մասին։ Օրինակ՝ նոյեմբերի կեսերից ավելի քան 30 հայաստանցի զինվորականներ ձերբակալվել են ռազմական սադրանքի ընթացքում։ Նրանցից մեկը վիրավոր էր, եւ մեր բժիշկները խնամել են նրան, վիրահատել, եւ հենց ապաքինվել է, նրան վերադարձրել ենք»,- ասել է Ալիեւը։
Նա ընդգծել է, թե այդ խմբի եւս տասը անդամներ Երեւան են վերադարձվել, եւ նրանցից շատերը ձերբակալվել են Երեւանում:
Ալիեւը պնդել է, թե ադրբեջանական ժողովրդի նկատմամբ հանցանք գործած հայաստանցի զինվորականները կանգնել են դատարանի առաջ եւ դատապարտվել։
«Այսպիսով, որեւէ միջազգային կոնվենցիայով այդ մարդիկ չեն կարող ռազմագերի համարվել։ Այլ հարց է, որ ձերբակալվածներից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են, երբ նրանց վերադարձրել ենք։ Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար, վերադարձողների եւ նրանց հարազատների համար»,- հայտարարել է Ալիեւը։