ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էմիլի Հորնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը դեկտեմբերի 15-ին հանդիպել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման գործում։ Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող լարվածության կապակցությամբ եւ ընդգծել, որ չսահմանազատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը անպատասխանատու եւ սադրիչ են։
ԱՄՆ նախագահի խորհրդականը ողջունել է երկու կողմերի միջեւ շարունակվող շփումը եւ ընդգծել, որ ԱՄՆ-ը նաեւ որպես Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հանձնառությունը վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման եւ տարածաշրջանային հաշտեցման ուղղությամբ:
Ջեյք Սալիվանը ողջունել է կարգավորման գործընթացը քննարկելու համար հատուկ բանագնացներ նշանակելու վերաբերյալ Թուրքիայի եւ Հայաստանի հայտարարությունները։
ՀՀ ԱԽ գրասենյակից էլ հայտնել են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի շուրջ եւ տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այդ համատեքստում քննարկվել են նաեւ տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության եւ խաղաղության հաստատման համար։ Հանդիպման ավարտին Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին Հայաստան է հրավիրել։