Նոյեմբերի 15-ին Արենի համայնքի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել եւ ամանորյա միջոցառումներ կազմակերպելու, բյուջեի 2021 թվականի երրորդ եռամսյակի կատարողականի, մի քանի այլ հրատապ հարցերի թվում քննարկել նաեւ Գնիշիկ բնակավայրի արոտավայրերը մրցույթային կարգով վարձակալությամբ հատկացնելու հարցը:
Ավագանին որոշել է Արենի համայնքում վայրի բնության, կենդանական աշխարհի եւ բուսականության պահպանման ծրագրեր իրականացնելու նպատակով մրցույթով վարձակալությամբ հատկացնել Արենի խոշորացված համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 404 հա եւ Գնիշիկ բնակավայրի շուրջ 2720 հա տարածք (ամենափոքր հողակտորը՝ 7 հա, ամենամեծը՝ 650 հա):
Ինչպես տեղեկացանք համայնքի աշխատակազմի քարտուղար Գեւորգ Սիմոնյանից, նշված տարածքները հիմնականում արոտավայրեր են, որտեղ արածում են նաեւ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերը: Նրա պնդմամբ բեզոարների մի քանի մեծ հոտ է հանդիպում տարածքում: Ասել է թե՝ տարածքը վտանգված վայրի կենդանիների ապրելավայր է:
Սիմոնյանից տեղեկացանք նաեւ, որ տարածքների նկատմամբ հետաքրքրություն է հայտնել «Բեզոար» բնապահպանական հիմնադրամը, և ավագանին քննարկել ու որոշել է մրցույթային կարգով տրամադրել տարածքները: «Բեզոար» հիմնադրամը ստեղծել է Գագիկ Ծառուկյանը` էնդեմիկ կենդանիների պոպուլյացիաների վերականգնման նպատակով: Կազմակերպությունը ցանկանում է Գնիշիկի տարածքում իրականացնել բնապահպանական ծրագիր՝ ուղղված բեզոարյան այծերի պահպանությանն ու վերարտադրությանը, սակայն թե ինչպես, ինչ միջոցառումներով, հայտնի չէ: Իրենք չեն էլ պահանջել որեւէ ծրագիր:
«Բեզոար» հիմնադրամը նախկինում շուրջ երեք տարի Գնիշիկ բնակավայրից տարածքներ է վարձակալել, պայմանագիրը հետո չի երկարացվել: Վերջին 1,5 տարում, պայմանավորված համավարակով եւ այլ պատճառներով, վարձակալության նոր պայմանագիր չի կնքվել:
Վայոց ձորում երեք խոշոր կազմակերպություն կա, որոնց նպատակը վայրի տեսակների, հատկապես վտանգված տեսակների, դրանց ապրելավայրերի, էկոմիջանցքների պահպանությունն է: Մրցույթին, սակայն, դիմել է միայն «Բեզոար»-ը: Թե ինչու, փորձեցինք պարզել:
ՀՀ օրենսդրությամբ բնության հատուկ պահպանվող տարածքները չորս կարգի են՝ արգելոց, ազգային պարկ, արգելավայր, բնության հուշարձան:
«Արփա» պահպանվող լանդշաֆտը (նախկինում՝ Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ) ստեղծվել է 2011 թվականին Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF), ինչպես նաեւ Կրիտիկական էկոհամակարգերի գործընկերության հիմնադրամի (CEPF) ծրագրերի շրջանակում:
Լանդշաֆտի պահպանության իրականացման համար տեւական ժամանակ նախապատրաստական աշխատանք է տարվել, կառավարության 2002 թվականին հաստատած ոլորտային ռազմավարությանն ու գործողությունների ծրագրին համապատասխան կառավարման պլան է մշակվել: Այն համապատասխանում է Բնության պահպանության միջազգային միության կողմից ընդունելի պահպանվող տարածքի 5-րդ կարգին:
Պահպանվող լանդշաֆտի կառավարումը WWF-Հայաստանի եւ Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Արփա» բնապահպանական հիմնադրամը: Այն եզակի է նաեւ նրանով, որ ստեղծվել է երեք բնակավայրերի (Խաչիկ, Արենի, Գնիշիկ) ավագանիների որոշմամբ: Խորհրդի անդամները համայնքների կողմից լիազորված անձինք են, որոնք հիմնադրամում ներկայացնում են համայնքի շահերը: Բացի վայրի կենդանիների գոյության համար կարեւոր այս տարածքի պահպանության բուն գործողություններից՝ հիմնադրամն իրականացնում է նաեւ համայնքների զարգացման ծրագրեր:
Ի սկզբանե Գնիշիկի ավագանին եւս տարածքներ է հատկացրել, բայց հետո ինչ-ինչ պատճառներով չեղարկել է իր իսկ որոշումը: Ներկայում «Արփա» պահպանվող լանդշաֆտն ընդգրկում է Գնիշիկի կիրճն ու հարող 3000 հա տարածքները, որոնք պատկանում են Խաչիկ եւ Արենի բնակավայրերին:
Ինչպես տեղեկացանք հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանից, Գնիշիկի վարձակալության տրվող տարածքներն իրենց եւս հետաքրքրում են, դրանք չափազանց կարեւոր են հատկապես բեզոարյան այծերի պահպանությունն ու ազատ տեղաշարժը լիարժեք ապահովելու համար: Սակայն մրցույթին հայտ չեն ներկայացրել, քանի որ ժամանակը սուղ էր, պետք էր համաձայնեցնել դոնորների հետ, գործողությունների հստակ պլան կազմել եւ այլն:
Տարածքում վայրի տեսակների պահպանման ու վերարտադրության ապահովման ուղղությամբ աշխատանք է տանում նաեւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), որը դեռ տասը տարի առաջ հիմնել է Հարավային Կովկասում առաջին մասնավոր պահպանվող տարածքը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը:
Վերջինս արդեն 200 միլիոն դրամի ներդրում է իրականացրել Գնիշիկ եւ Արենի բնակավայրերում՝ ներդնելով փողոցային լուսավորության էներգախնայող համակարգ, կառուցելով խմելու ու ոռոգման ջրի համակարգեր, ձեռք բերել ընդհանուր օգտագործման գյուղտեխնիկա, նվիրաբերել է էլեկտրական հովիվներ, մասամբ փոխհատուցել գորշ արջերի հասցրած վնասները։ Հիմնադրամի անտառապահները շուրջօրյա հսկողություն են տանում Գնիշիկում եւ հարակից բնակավայրի տարածքում՝ բացառելով որսագողության դեպքերը, ծառահատումները, վայրի բուսատեսակների գերհավաքչությունն ու կենդանիների գերարածեցումը:
FPWC-ը եւս մրցույթին չի դիմել: Ավելին՝ Արենի համայնքի ղեկավարին ու ավագանուն բաց նամակ է հղել՝ հորդորելով կասեցնել մրցույթի ընթացքը, խնդրել վերանայել իրենց մոտեցումներն ու որոշումը, եթե իրապես ցանկանում են համայնքում բնապահպանական, տնտեսական ու սոցիալական կայունություն ապահովել:
Բաց նամակում FPWC-ը ուշադրություն է հրավիրել նաեւ որոշման 16-րդ կետի վրա, որտեղ ասվում է. «Նշված հողատարածքների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձը կամ կազմակերպությունը իրավունք չունի խոչընդոտելու համայնքի բնակիչների մուտքը արոտավայրեր՝ անասունների արածեցման, խոտհնձի, օրենքով չարգելված կենդանիների եւ թռչունների որսի եւ խոտաբույսերի հավաքման նպատակով»:
Ստացվում է, որ նշյալ տարածքներում կարելի է որս իրականացնել, մինչդեռ Կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը եւ որսահանդակների ցանկը հաստատելու մասին կառավարության որոշմամբ հաստատված Վայոց ձորի որսահանդակներում Գնիշիկի տարածքը ներառված չէ:
Խնդիրը նաեւ այն է, որ «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի հիմնադիր Մուրադ Հարությունյանի հանդեպ 2020 թվականին հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի որս կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդված): Նա ղեկավարել է այն գրանցման օրվանից՝ 2014 թվականի ապրիլի 14-ից մինչեւ 2019-ի հոկտեմբերի 23-ը: Ներկայում էլ հիմնադրամի տնօրենը նրա որդին է՝ Հարություն Հարությունյանը:
Մուրադ Հարությունյանը միաժամանակ զբաղեցրել է նաեւ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, եւ ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված գործողությունների արդյունքում պարզվել են նրա կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ: «Оժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, իրականացնելով մասնաճյուղի ընթացիկ գործունեության կազմակերպում եւ ղեկավարում, իրեն վստահված մասնաճյուղի միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020-ի հունիսն ընկած ժամանակահատվածում շարունակաբար վատնելու եղանակով հափշտակել է «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 11.476.359 դրամ»:
Հեռախոսով զրուցեցինք որոշմանը կողմ քվեարկած Արենի համայնքի ավագանու անդամներից մեկի՝ Մառլեն Սիմոնյանի հետ: Նրան այս փաստերն անհանգստացնում են, բայց «նման միջադեպերը այս գործում հնարավոր» է համարում: Իրենք «Բեզոար»-ին այնքան էլ չեն վստահում, բայց վերջինս նախկինում էլ է իրենց տարածքները վարձակալել ու «բարեխիղճ կատարել է իր պարտավորությունները»: Իրենք էլ վերահսկման իրենց մեթոդներն ունեն, հետեւողական կլինեն:
Արենի եւ Գնիշիկ բնակավայրերի հողերը վարձակալությամբ տալու մրցույթը նախատեսված է վաղը՝ դեկտեմբերի 17-ին, այդ նպատակով հատուկ հանձնաժողով է կազմվել: Ինչպես արդեն տեղեկացրինք, միակ թեկնածուն վերոնշյալ հակաբնապահպանական ու հակաօրինական պատմությունների հետ շաղկապված «Բեզոար» հիմնադրամն է:
Համայնքի աշխատակազմի քարտուղար Գեւորգ Սիմոնյանի պնդմամբ գործընթացը բաց է եղել, հետաքրքրված կազմակերպությունները տեղեկանալու հնարավորություն են ունեցել եւ կարող էին դիմել, բայց չեն դիմել, մրցույթի արդյունքներն էլ մեկ շաբաթվա ընթացքում կհրապարակվեն:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։