Գերիների մասին ԱԺ նախագահ Ալենի հայտարարությունները խոր արձագանք են գտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «սրտում»։ Երեկ պարոն Ալիեւն իր վերադարձրած գերիների մասին հայտարարել է. «Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այդ մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների»։
«Մարդասիրության» տեսանկյունից սա անվրեպ հայտարարություն է՝ ի՞նչ իմաստ ունի վերադարձնել հայ գերիներին, եթե նրանց խոշտանգելու են Հայրենիքում։ Հայաստանը դեռ պետք է կարողանա աշխարհին հասկացնել, որ գերին՝ դավաճան, թե ոչ, պետք է գտնվի իր երկրում, իր ծնողների գոյության տեսադաշտում։
Հայաստանը պաշտոնապես ցույց տվեց, որ գերիներն իր համար ոչ մի նշանակություն չունեն՝ դրանով Ադրբեջանին զրկելով մեր տղաներին շանտաժի թեմա սարքելուց։ Սա ակնհայտորեն դուր չի եկել Ալիեւին, նա կորցրել է Հայաստանի վրա ունեցած լծակներից մեկը։ Նա շատ կուզեր, որ գերիների հարազատները ջարդեն կառավարության դռները ու ամբողջ հայ ազգը Նիկոլի շնչին նստած պահանջի հետ բերել իր «լավագույն զավակներին»։
Հիմա Ալիեւը փորձում է իր պարտությունը դարձնել մարդասիրության թեմա։ Հայաստանում համենայն դեպս այլեւս գերիներին կուռք սարքելու խնդիր չկա։ Եվ նրանցից երկուսին ձերբակալելը նույնպես անխուսափելի էր Հայաստանի իշխանությունների համար, նույնիսկ եթե այդ գերիները զենքը չեն հանձնել եւ կամավոր չեն անցել հայ-ադրբեջանական սահմանը։ Հիմա Ալիեւը սպառնում է այլեւս ոչ մեկին չվերադարձնել եւ այս սպառնալիքը նա հայերին չի ուղղում, ասում է միջազգային հանրությանը։
Կասկած չկա, որ Ադրբեջանւմ հիմա աշխատում են մեր գերիների հետ, որպեսզի նրանք հրապարակայնորեն հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից եւ Հայաստան վերադառնալուց։ Ու բացառված չէ, որ մեկ-երկուսի, նույնիսկ երեքի դեպքում հաջողեն։ Դժվար չէ մեր տղաներին խոստանալ ամբողջ աշխարհը, որպեսզի նրանք հրաժարվեն նրա մի փոքրիկ մասից։
Սա չի նշանակում, որ Ադրբեջանի նկատմամբ գերիներին վերադարձնելու միջազգային ճնշումը թուլանալու է, սա նշանակում է, որ Ադրբեջանը մարտավարությունն է փոխելու. չէ՞ որ գերիները մարդիկ են ու կենդանի լծակ։ Եթե նրանք Հայաստանին պետք չեն, «կանենք այնպես, որ Հայաստանն ամաչի այդպիսի զինվորներ ունենալու համար, կանենք այնպես, որ հայը հասկանա, որ կռվող տղա չունի»։
Կարճ ասած՝ Ալիեւը փորձելու է իրեն «հարազատացնել» մեր գերիներին, որպեսզի դարձնի Հայաստանի թշնամի։ Ու միանգամայն հրապարակային։ Իսկ սա նշանակում է, որ հիմա ստիպված կլինեն ավելի մարդկային վարվել մեր գերիների հետ։ Ամփոփենք՝ Ալենը մեր տղաներին դավաճան է համարում, իսկ Ալիեւը նրանցից փորձում է ստանալ դավաճան։

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: