Հայ-թուրքական երկխոսություն սկսելու մտադրության մասին տեղեկության շուրջ որոշակի «խրամատներից» հնչող սպառնալիքները սպասելի էին։ Նույն մարդիկ են, որ Երեւանի փողոցներում 2009-ին վանկարկում էին «Նախագահ, մի՛ զիջիր» եւ Սերժ Սարգսյանին «բարձր մակարդակի ընդունելություն» կազմակերպեցին Փարիզում։ Նողկալի տեսարան էր․․․ Մարդ հարյուր տարի ապրի Ֆրանսիայում, «ոռնոցով» Հայաստանի անկախություն երազի եւ իր Հայրենիքը ներկայացնող նախագահին դիմավորի «լոլիկանետումներո՞վ»․․․
Այդպես միայն «հայ յեղափոխականը» կվարվի, նա, որ ժամանակին Պոլսո Հայոց պատրիարք Աշըգյանի քունքին «րեւոլվեր դրած է»՝ ստիպելով, որ առաջնորդի Գում-Գափուի ցնորամիտ ցույցը։ Այդ պժգալի տեսարանի դեմ կարկամած՝ տողերիս հեղինակը, որ Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, հանրայնորեն այպանվելու, օստրակիզմի ենթարկվելու վտանգն անտեսած՝ երեւանյան «Ազգ»-ում գրեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ կանի, եթե միակողմանիորեն վավերացնի Ցյուրիխի արձանագրությունները, որ համասփյուռքյան այդ «պլեբիսցիտն» անիմաստություն է, որ ֆրանսահայը չպիտի որոշի, թե ինչ հարաբերություններ կունենա Հայաստանը Թուրքիայի հետ։
Քնարական լեզվով ասած՝ եղո՜ւկ․․․
Սերժ Սարգսյանը տեղի տվեց մի քանի հարյուր կամ մեկ-երկու տասնյակ հազար «հայրենասեր»-ների ճնշմանը։ Արձանագրություններն ուղարկվեցին Սահմանադրական դատարան, որտեղ գրվեց մի խուճուճ-մանվածապատ «հիմնավորում»։ Իմա՞ստը։ «Եթե Թուրքիան ապրիորի չի ճանաչում ցեղասպանությունը, ապա․․․»,- սա էին հեղինակել «Ամենայն Հայոց իրավաբանները»։
Անտրամաբանականը, նոնսենսը թողնենք մի կողմ (Թուրքիան չի կարող իրեն հանցագործ ճանաչել)։ Ուշագրավն այն է, որ նույն օրը, երբ Փարիզի կենտրոնում Հայաստանի նախագահի ուղղությամբ «յեղափոխական» լակոտ-լուկուտը լոլիկներ էր նետում, Անկարայում էր Իլհամ Ալիեւի գործուղած «փափկասուն տիկնանց գունդը» եւ Աթաթուրքի դամբարանում երես էր ճանկռում՝ աղերսելով, որ «բոլոր թուրքերի հայրը» իր նաշից վեր հառնի եւ «երկաթե ձեռով պատժի» Թուրքիայի «դավաճան իշխանություններին»։
1994-ի մայիսյան ստատուս-քվոյի պայմաններում հայ-թուրքական երկխոսությունը, հարաբերությունների կարգավորման մասին դեռ չխոսած, Ալիեւի քաղաքական մահն էր, ֆիասկոն։ Ո՞վ տապալեց գործընթացը։ Հայ «յեղափոխականությունը» եւ Իլհամ Ալիեւը։ Չոր արձանագրումը սա է։ Եվ երբ երկու տարի հետո լրագրողն ինձ հարցրեց՝ ի՞նչ սպասելիքներ կան Կազանի հանդիպումից, պատասխանեցի, որ Իլհամ Ալիեւը փաստաթուղթ չի ստորագրի, «երրորդ երկիրը թույլ չի տա»։ Այդպես է հասունացել ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Որովհետեւ անոմալիա է, երբ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Ադրբեջանի անկախության երաշխավորն է, իսկ դու ուզում ես ԼՂ կարգավորման գնալ առանց Անկարայի հետ համաձայնության։
Քառասունչորսօրյա պատերազմից հետո վերջին «ջորեպանին» էլ պարզ է, որ Ադրբեջան՝ որպես ինքնիշխան որոշում կայացնելու ունակ երկիր, չկա։ Հարավկովկասյան տարածաշրջանի հարցերում Իլհամ Ալիեւը ֆորմալ ստորագրություն դնող է, բուն խնդիրները լուծում է Թուրքիան՝ Ռուսաստանի հետ։ Եվ հայ-թուրքական երկխոսությունը գործընթացները գոնե փաստաթղթավորման առումով լեգիտիմացնելու փորձ է։ (Ռուսաստանը եւ Թուրքիան հո չե՞ն հայտարարելու, որ տարածաշրջանը կիսում են)։ Եվ ի՞նչ։ «Դարակազմիկ» աղմուկ, ժանգոտած «զինանոցի» բութ շխկոց-թխկոց, «մե՜ծ զորաշարժ»։ Կլոունդա, ուրիշ ոչինչ։ Իբր՝ հայ-թուրքական երկխոսությունը «նշանակում է հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից, փակել Արցախի եւ Նախիջեւանի, առհասարակ մեր պատմական իրավունքների եւ պահանջների հարցերը»։
Երկու տասնամյակ՝ 1998-2018 թվականներին, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում «պատմական իրավունքներն» ու ցեղասպանության «միջազգային ճանաչումն» էր։ Ինչի՞ ենք հասել։ Ֆրանսիան ճանաչել է ցեղասպանությունը։ Հետո՞։ Ճանաչել է, բայց Ադրբեջանին երկու արհեստական արբանյակ է վաճառել, իրականացրել տեխնիկա-տեխնոլոգիական սպասարկումը։ Այսինքն՝ հետախուզել է մեզ, տվյալները փոխանցել Ադրբեջանին։ ԱՄՆ կոնգրեսականները «հայանպաստ» հայտարարություններ են արել, կառավարությունը՝ տարեկան 100 միլիոն դոլարի ռազմական անհատույց օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։
Թե բա՝ «դա ռազմածովային ուժերի արդիականացման համար է արվել, այդ զենքերը քառասունչորսօրյա պատերազմում մեր դեմ չեն կրակել»։ Բայց պարզ չէ՞, որ ռազմածովային ուժերի արդիականացումից տնտեսած այդ մոտ մեկ միլիարդ դոլարը Բաքուն հատկացրել է ցամաքային զորքերի կատարելագործմանը, մահաբեր սպառազինությունների ձեռքբերմանը Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, Բելառուսից։
Քաղաքականությունը Բայդենի արտասանած «ջենոսայդ» բառից համազգային «օրգազմ» չէ, պրագմատիկ քայլ է․ կարողանո՞ւմ ես նոր դաշնակից ձեռք բերել, գոնե թշնամիներիդ թիվը եւս մեկով չավելացնել՝ ուրեմն պետություն ես։ Չե՞ս կարողանում՝ հարցերդ կլուծեն ուրիշները։
Սա է իրականը։ Միլիոն անգամ Նժդեհ ցիտիր, ոգեկոչիր պատմական խո՜ր անցյալի եղած (իրականության մեջ չեղած) հերոսներիդ՝ օգուտ չկա (իսկ վնասը շոշափելի է, քեզ առնվազն ինֆանտիլ են տեսնում)։ Հայաստանը մի վիճակում է, երբ, որքան էլ պարադոքսալ հնչի, Թուրքիայի հետ երկխոսությունը (եթե սկսվի եւ մի արդյունքի բերի) նրա միջազգային սուբյեկտության վերականգնման հնարավորություն է։ Իսկ եթե «յեղափոխական» լակոտ-լուկուտը, որին բաց կամ «վարագույրից անդին» աջակցում են Ցյուրիխը տապալողները, վերստին հաջողի, ապա մեզ սպասում է մի նոր «Մոսկվայի պայմանագիր»։
Եվ հարյուր տարի հետո ունենալու ենք ավելի հիվանդ, լալկան, սեփական քթի աղտեղությունները մաքրելու անընդունակ սերունդ, որ աշխարհի դեմ վերստին «ոռնալու է», թե՝ «մեր թիկունքում լուծեցին պատմական իրավունքի եւ պահանջատիրության մեր հարցերը, մեզնից խլեցին Արցախը»։
Առնվազն, եթե Աստված մեծահոգի չգտնվի եւ չպահի ներկայիս սահմաններով Հայաստանը․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։