Վրաստանի նորընտիր՝ 10-րդ գումարման խորհրդարանը միլիոնատերերի ակումբ է հիշեցնում։ Ներկայացված հայտարարագրերի համաձայն՝ խորհրդարանի 150 պատգամավորներից 23-ը , այսինքն՝ ամեն 7-րդը միլիոնատեր է: Միլիոնատեր պատգամավորների ցանկը, սակայն, կարող է երկարել, երբ հրապարակվեն բոլորի հայտարարագրերը: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական գրասենյակը:
Ամենաշատ միլիոնատեր պատգամավորները իշխող «Վրացական երազանք» կուսակցության կազմում են՝ թվով 14: Հաջորդն «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» դաշինքն է, որից համամասնական ցուցակով ընտրվել է 5 միլիոնատեր պատգամավոր: «Լելո» կուսակցությունում 2 միլիոնատեր կա, «Եվրոպական Վրաստանում» եւ «Հայրենասերների դաշինքում»՝ մեկական: Միլիոնատեր պատգամավորներ չունեն «Քաղաքացիներ» եւ «Գիրչի» կուսակցությունները:
Նշենք, որ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին է, իսկ ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան: Հայտարարագիրը լրացնելու պահին Գախարիան իր հաշվին ունեցել է ընդամենը 99 լարի, իսկ նրա կինը 553,4 հազար դոլար (ավելի քան 1,8 միլիոն լարի) եւ 1200 լարի: Նախկինում Գախարիան հայտարարագրել էր 452,9 հազար դոլար: Վարչապետի կնոջն է պատկանում նաեւ 2016-ին 22 հազար դոլարով գնված մեքենան: