Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խիստ կարեւոր եւ պատմական է որակել երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները։
Փալյանն ասել է, որ եթե քաղաքական կամք եւ ցանկություն լինի, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, քան ակնկալվում է։ Նա ընդգծել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի վրա աշխատելու կարեւորությունը։
Պատգամավորը նշել է, որ այդ գործընթացում ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի քաղաքական գործիչները պատասխանատվություն պետք է ստանձնեն։ Նա շեշտել է, որ որպես Թուրքիայի պատգամավոր, ինքը նույնպես պատրաստ է ստանձնելու ցանկացած պատասխանատվություն։
Ըստ նրա՝ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ ձեւավորված նախապաշարմունքները շատ հեշտությամբ կարող են վերանալ, քանի որ երկու ժողովուրդները հարյուրավոր տարիներ ապրել են միասին։
Փայլանը կարեւոր քայլ է անվանել հայկական եւ թուրքական ավիաընկերությունների՝ ուղիղ չվերթներ իրականացնելու մոտ հեռանկարը՝ հավելելով, որ դրան պետք է անպայման հետեւի տնտեսական հարաբերությունների զարգացումը:
«Դրա համար էլ անհրաժեշտ է, որ սահմանն անպայման բացվի»,- ընդգծել է նա:
Փայլանն այն համոզմունքն է հայտնել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, փոխադարձ դեսպանություններ բացելու եւ դեսպաններ նշանակելու անհրաժեշտություն կա։