Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկեր Եվրոպական միության օժանդակության շնորհիվ Շիրակի մարզում իրականացվում են սոցիալական, կրթական մի շարք ծրագրեր։
ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում հանրապետության ամենաաղքատ՝ Շիրակի մարզում ստեղծվել են երիտասարդների ուսման, աշխատանքի, հասարակության մեջ ամբողջական ներգրավվածության եւ սեփական ներուժի իրացման հարթակներ:
Գյումրեցի քանդակագործ, «Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Արթուր Գեւորգյանը ունի նաև ձեռնարկատիրական կարողություններ։
Չորս տարի առաջ տեղեկացավ, որ ԵՄ-ն մարզում «Սոցիալական ձեռներեցության միջոցով համայնքային զարգացում» ծրագիրն է իրականացնում։ Դիմեց եւ 60 դիմողներից ընդգրկվեց 10-ի մեջ։
Դրամաշնորհը ստանալուն պես Արթուր Գեւորգյանը տան մի մասը փոքր արտադրամասի վերածեց ու սկսեց զարգացնել «Պատուհան» սոցիալական ձեռնարկությունը։
«Եթե ունակ ես ինչ-որ բան անելու, ստեղծելու, ինչո՞ւ չանես»․ այս գաղափարով առաջնորդվելով՝ Գեւորգյանների ընտանիքը կարճ ժամանակում սպառողից վերածվեց ստեղծողի։
Սոցիալական ծրագրով հատկացված 3 միլիոն դրամի վրա 2.5-ն էլ ինքն ավելացրեց եւ «Պատուհան»-ի համար գնեց սարքավորումներ, կարի մեքենաներ, լուծեց տարբերանշանի, բարեկարգ տարածքի եւ այլ առաջնային հարցեր։
Փոքր տարածքում ծնվեցին մեծ գաղափարներ․ սկսեցին արտադրել այն ամենը, ինչը կարող են ստանալ կտորից՝ հայկական զարդանաշխերով սենյակային դեկորներ, սեղանի եւ անկողնու ծածկոցներ, օրթոպեդիկ բարձեր ու թիկնոցներ, վարագույրներ, հուշանվերներ։
Հայսատանի «Պատուհան»-ից շատ արագ արտասահման հասավ ոչ միայն ձեռնարկության համբավը, այլեւ արտադրանքը։ Կարում ու արտահանում էին Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա։
«Ոլորտը շատ հետաքրքիր է, մտածելու, ստեղծագործելու լայն հնարավորություն է տալիս»,- ասում է Արթուր Գեւորգյանը, որ դեռեւս 2005 թվականից է սկսել կտորեղենի հետ աշխատել։ Մայրը կարի փոքր արտադրամաս ուներ, ինքն էլ ձեւարարն էր։
Սոցիալական ձեռնարկությունը որոշ ժամանակ անց ընտանեկանից դարձավ հասարակական։ Կազմակերպվեցին կարի ուսուցման անվճար դասընթացներ։ Կարելու հմտություն ունեցող անձինք համալրեցին պատուհանցիների շարքերը, ոմանք էլ ստեղծեցին իրենց փոքր ձեռնարկությունները։ Բացի այդ՝ ստացված շահույթով աջակցում են Գյումրու մշակութային, սոցիալական կազմակերպություններին։
«Մարտահրավերների պակաս չենք ունեցել եւ հիմա էլ չունենք, բայց շարունակում ենք աշխատել ու երազել։ Մեր արտադրական այս շրջափուլը տեւեց չորս տարի, որից վեց ամիսը պարալիզացված էինք հեղափոխության պատճառով։ Դադարեցին արտասահմանյան համագործակցության պայմանավորվածությունները։ Մինչ բիզնեսը նորից շնչելու փորձեր կաներ, պատուհասեց համավարակը։ Նման դեպքերում որեւէ հաշվարկ ու պլանավորում չի կարող իրականանալ, քանի որ մոտ 1 տարի ՀՀ ում հիմնական հաղորդակցությունը տեղի էր ունենում փոստով եւ համացանցի միջոցով»,- դժվարություններն է թվարկում քանդակագործ-ձեռնարկատերը:
Երրորդ՝ ամենադաժան փորձության՝ պատերազմի ու հետպատերազմյան ճգնաժամի մասին խոսելը Գեւորգյանն ավելորդ է համարում։ Ասում է՝ դրանից բխող դժվարություններն ու բարոյահոգեբանական խնդիրներն առանց թվարկելու էլ գիտեն բոլորը:
Այժմ սոցիալական ձեռնարկությունը պահում են միայն ամուսիններով։ Գոհար Վարդանյանը առաջին մասնագիտությամբ երաժիշտ է, երկրորդով՝ դերձակ։ Սիրով կարում է ամուսնու ձեւած կտորները։
Ասում է՝ կարի մեքենայի ձայնը երաժշտության է նման։ Ձեռնարկության շնորհիվ մայրական արձակուրդի ժամանակահատվածի զբաղվածության հարցը լուծվել է։ Մանկահասակ երեխաների խնամքի հետ զուգահեռ նաեւ աշխատանք ունի։ Այժմ հիմնականում կարում են էկո պայուսակներ եւ տուփեր։
Ամուսիններն ասում են՝ չփակեցին ձեռնարկությունը, պայքարեցին։ Դժվարագույն օրերին եղածը պահելն էլ հաջողություն են համարում։ Կոտրվողներից չեն, լավատես են։ «Չնայած դժվարություններին՝ սկսում ենք նոր արտադրական շրջափուլ՝ չդադարելով աշխատելուց եւ մեր պարտավորությունները մեր գործընկերների հանդեպ կատարելուց։ Շատ ենք տեսնում օրինակներ, երբ ստանում են դրամաշնորհն ու առաջին իսկ փորձության դեպքում հետ քաշվում՝ փակում ձեռնարկությունը»,- ասում է Արթուր Գեւորգյանը:
Առաջիկայում նախատեսում են արտադրել կտորից խաղալիքներ, պայուսակներ, հուշանվերներ։ Մարզում խեցեգործության զարգացման ծրագրեր նույնպես ունեն։
«Չորս տարվա մեջ մի քանի ֆորս մաժոր ենք անցել, բայց շարունակում ենք գործել։ Դա նշանակում է, որ ե՛ւ համառ ենք, ե՛ւ պայքարող»։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։