Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր` ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար։
Ըստ Մարտիրոսյանի` սա հայտնաբերել են «Մետա -Ֆեյսբուքն» ու «Սիթիզենլաբը»։ Թիրախում քաղաքական գործիչներ եւ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։
«Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆթը Android համակարգի եւ iPhone-ների համար»,- ընդգծել է փորձագետը։
Տեղեկատվական անվտանգության փորձագետը տեղյակ չէ՝ կոնկրետ ում են վարակել, սակայն վարակը տարածվել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ` youtu-be[.]net-ով։ Բացի դրանից, վարակը տարածվել է SMS-ների եւ մեսենջերներից ուղարկված հաղորդագրությունների միջոցով։