ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները եւ Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը։
Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հետ։
Կոնգրեսականը կարեւորել է Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները, էներգետիկ ոլորտի զարգացումները, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության դեմ պայքարը։
ՀՀ ԱԽ քարտուղարի՝ ԱՄՆ այցի շրջանակում «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը (Atlantic Council) հանդիպում էր կազմակերպել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։
Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ։
Քննարկվել է խնդիրների լայն շրջանակ, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարը։
Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հրավերով՝ «Հանուն ժողովրդավարության գագաթաժողով»-ին մասնակցելու համար։
Սալիվանը ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Երեւանի եւ Բաքվի միջեւ լարվածության վերաբերյալ, չսահմանազատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժը անպատասխանատու եւ սադրիչ որակել ու նշել Միացյալ Նահանգների հավատարմությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը։