Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, եւ որ առանց դրա կարգավորման անհնար է խոսել հաստատուն կայունության մասին:
Ամերիկացի պաշտոնաթող դեսպանն այն համոզմունքն է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ուղիղ կապի ապահովումն առաջնային խնդիր է՝ անկախ կողմերի հանդիպման ձեւաչափից:
Ըստ Ուորլիքի՝ կողմերն այժմ փոքր քայլերով փորձում են փոխվստահություն հաստատել: Այդ համատեքստում նա նշել է վերջերս Ադրբեջանից Հայաստան 10 ռազմագերիների վերադարձը, իսկ Հայաստանի կողմից` ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը:
Ղարաբաղյան հարցը պատերազմով չէր կարող լուծվել
«Ղարաբաղյան խնդրի առավել կարեւոր հարցը, սակայն, Ղարաբաղի կարգավիճակն է, եւ կարծում եմ՝ ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցի կարգավորման ուղղությամբ կարեւոր դեր խաղալ: Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել բազմաթիվ հարցեր, սակայն հավատացած եմ, որ համանախագահողները, ԵԱՀԿ-ն եւ Միացյալ Նահանգները պետք է ակտիվանան եւ առաջ մղեն այս համընդհանուր խնդրի կարգավորումը մեկընդմիշտ: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք»,- ընդգծել է Ջեյմս Ուորլիքը:
Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է հետքայլ կատարի՝ փորձելով կարգավորել Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մինսկի խմբի օգնությամբ, չպետք է կարծել, որ ղարաբաղյան հարցը լուծված է պատերազմով:
3+2 ձեւաչափը Հայաստանին միայնակ է թողնում իր շահերը չկիսողների հետ
Ամերիկացի նախկին դիվանագետի հետ համաձայն է նաեւ Ֆուլբրայթի կրթաթոշակով Հայաստանում աշխատող ամերիկացի վերլուծաբան, Հարվարդի շրջանավարտ Դենիել Շապիրոն: Վերջինիս կարծիքով՝ 44-օրյա պատերազմից հետո Արեւմուտքը դուրս է մնացել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից, որի վերջնական արտացոլումը դարձավ 3+2 ձեւաչափը: Այդ ձեւաչափը Հայաստանին միայնակ է թողնում իր շահերը չկիսող Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ:
«Տարածաշրջան վերադառնալու համար Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը առաջին հերթին ավելի ակտիվ դեր պետք է խաղան Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում»,- գրել է Շապիրոն՝ Բրյուսելում Ալիեւ-Փաշինյան հանդիպմանն արձագանքելով:
Նոր պատերազմը ուղղակի կհարվածի բոլորի շահերին
Ջեյսմ Ուորլիքը նույնպես ընդգծում է. ԱՄՆ-ը սերտ կապեր եւ բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի լավ ապագայով: Վաշինգտոնը շահեր ունի նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմական նոր գործողությունները կարող են ուղղակի հարվածել բոլորի շահերին»:
Ուստի մեկ հարց, որին Միացյալ Նահանգները պետք է ամենայն լրջությամբ մոտենա, խաղաղ գործընթացի ստեղծումն ու առկա խնդիրների իրական կարգավորումն է: Դա տեւական գործընթաց է լինելու, որը մենք գիտակցում ենք, սակայն դա միակ ճանապարհն է: Այստեղ որեւէ մեկի համար արագ հաղթանակներ չեն լինելու»,- շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահը: