Ըստ ճապոնական «Կիոդո» գործակալության՝ Ճապոնիայում ՉԺՀ-ի դեսպան Կուն Սյուանյուն հայտարարել է, որ 2022-ին Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի՝ ԱՄՆ-ի հայտարարած դիվանագիտական բոյկոտին Տոկիոյի միանալը ծայրաստիճան անզգույշ եւ վտանգավոր քայլ է եւ կարող է վնաս հասցնել չին-ճապոնական դիվանագիտական հարաբերություններին:
«Ցավոք, Ճապոնիայում ոմանք հանդես են գալիս Չինաստանի քաղաքական համակարգի դեմ մեղադրանքներով՝ հիմնվելով իրենց կանխակալ հայացքների վրա, եւ հերյուրանքներ են տարածում Սինցզյանում եւ Հոնկոնգում մարդու իրավունքների հետ կապված իրադրության մասին՝ կոչ անելով դիվանագիտական բոյկոտի ենթարկել Պեկինի խաղերը»,- ասել է չինացի դիվանագետը:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դեկտեմբերի 16-ին խորհրդարանում հայտարարել է, որ ինքն առայժմ չի նախատեսել այցելել Օլիմպիական խաղեր:
ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այդ առիթով հայտարարել է, որ Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը վիթխարի իրադարձություն է մարզիկների եւ ամբողջ աշխարհի մարզասերների համար:
«Սպորտը քաղաքականացնելու բոլոր փորձերը հակասում են Օլիմպիական խարտիայի ոգուն: Չինաստանը վստահ է, որ լավ կազմակերպված, անվտանգ եւ հաջող Օլիմպիական խաղեր կանցկացնի»,- ընդգծել է Վան Վենբինը:
Ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան, հայտարարել էին Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին. Պեկինը, ըստ այդ մեղադրանքների, ոտնահարում է Սինցզյանի ույղուրական բնակչության շահերը եւ նրանց նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն վարում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նոյեմբերին դիտարկում էր 2022-ին Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը դիվանագիտական բոյկոտի ենթարկելու հնարավորությունը՝ ի նշան բողոքի ընդդեմ Չինաստանում մարդու իրավունքների ոտնահարումների: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեկտեմբերի սկզբին հայտարարել է Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին:
Պաշտոնական Տոկիոն այն ժամանակ հայտարարել էր, որ բոյկոտի վերաբերյալ սեփական որոշում կընդունի:
Խաղերի դիվանագիտական բոյկոտը Պեկինը համարում է Օլիմպիական շարժման հիմնական սկզբունքներին հակասող «քաղաքական մանիպուլյացիա», եւ որ Արեւմուտքի այդ գործողությունները չեն ազդի Օլիմպիական խաղերի հաջող անցկացման վրա: