Սննդի պաշարները բավարարելու համար դեռ նախորդ դարում սկսվեց թունաքիմիկատների եւ տարբեր տեսակի հավելումների օգտագործումը, իսկ այսօր արդեն զարգացած երկրներում պայքարում են քիմիական նյութերի հետեւանքով առաջացած սննդային աղետի դեմ:
Եվրամիության աջակցությամբ Հայաստանում եւս տարբեր ծրագրեր են իրականացվում՝ սննդի որակի բարելավման եւ օրգանական գյուղատնտեսությանն անցնելու համար:
Դեպի օրգանական գյուղատնտեսություն ճանապարհը երկար է, սակայն ոչ այդքան բարդ: Օրգանական սննդամթերք ստանալու համար եւս գիտելիքներ եւ փորձ է հարկավոր:
ԵՄ-ն աջակցում է այնպիսի ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը, ինչպիսին է «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն»-ը (OASI):
Գյուղատնտեսության ոլորտում Եվրամիության ծրագրերի մասին են պատմում «Ագրոլոգ» ՓԲԸ տնօրեն Արա Մարությանը եւ «Բյուր-Ակն» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ Ծովիկ Օհանյանը:
Արա Մարության – Եվրոպայի հետ համագործակցությունը մեր ձեռնարկությունն սկսել է 2016 թվականից: 2015 թվականին ձեռք բերեցինք՝ Աշտարակ քաղաքում սառնարանային տնտեսություն, որը երկու հատ սառնարան ուներ, իսկ 2016 թվականին, իմանալով Եվրամիության եւ Ավստրիայի զարգացման գործակալության հայտարարած դրամաշնորհի մասին, օրգանիկ գյուղատնտեսության վերաբերյալ, մասնակցեցինք եւ մեծ հաջողությամբ սկսեցինք աշխատել: Հիմնական ուղղությունները դարձան վերամշակման արտադրության կազմակերպումը՝ օրգանիկ մթերքների:
Աշխատակցուհի — Սա պինդ է, իրա մաշկը: Դնում ենք եռման ջրի մեջ, մի փոքր մաշկը՝ կեղեւը թոռոմում է, հետո հանում ենք: Դնում ենք սառը ջրի մեջ, հետո արդեն լցնում ենք մաղերը, դնում ենք անուշահամ արեւի տակ, մի քանի օրից էլ կորիզներն ենք հանում: Արեւի տակ մնալուց հետո կորիզները հանում ենք, ձեւավորում ենք ու պատրաստում ենք մեր անուշահամ․․․ Կարբու բերքն է սա, անուշահամ չրեր ենք պատրաստում:
Արա Մարության – Երկրորդ ուղղությունը պլանավորվեց բաղադրիչ որպես, դասընթացների անցկացում օրգանիկ գյուղատնտեսության վերաբերյալ: Տարբեր մարզերում եւ մեր մոտ լսարան ստեղծվեց եւ այնտեղ շարունակեցինք դասընթացներ անել օրգանիկ գյուղատնտեսության վերաբերյալ՝ ֆերմերներին տեղյակ պահելով: Մենք այս ընթացքում մասնակցել ենք իրենց կողմից կազմակերպված մոտավորապես 10-15 ցուցահանդեսի եւ մենք հասկացանք, որ կան շուկաներ, եւ կան ապրանքներ, որ մենք պետք է փորձենք դիվերսիֆիկացնենք այդ շուկաները: Այսինքն, եթե հիմա Ռուսաստանի հետ աշխատում է գյուղմթերք արտահանողների 70 տոկոսը. օրգանիկը Ռուսաստանում առայժմ ընդունված չէ: Մեզ մոտ շատ լավ կարող է աշխատել Արեւելքը: Հասարակ մի օրինակ, այնտեղ մեր դրամով 12 հազար դրամ է 1 կգ սխտորը: Երկրորդ ծրագիրը, որ մեզ հաջողվեց դառնալ շահառու, դա առեւտրի միջազգային կենտրոնի կողմից Եվրամիության հետ համատեղ օգնությունն է վերամշակող ձեռնարկություններին, որն ավելի շատ կապված է ապրանքի արտադրանքի որակի, բրենդինգի եւ մինչեւ շուկաներ հասցնելու հետ, այսինքն, սա ավելի շատ խորհրդատվական օգնություն է, որ այդ մասնագետները բացատրում են, որ թեյերի, պահածոների հետ, չրերի հետ կապված, թե ինչ կարելի է ստանալ, ինչպիսի տենդենց է նկատվում:
Աշխատակից – Միշտ ընդունված է եղել մեր մոտ, որ միշտ տանը պատրաստված պահածոներն ավելի լավն են, քան գործարաններում, սակայն վերջին տարիներին կարող ենք ասել, որ նույնիսկ այդ տենդենցը ընդհանուր առմամբ փոխվել է, քանի որ այսօր գործարաններն ունեն բարձր տեխնոլոգիաներ, ունեն նոր սարքավորումներ, ստերիլիզացիայի համապատասխան ապարատ ունեն, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին, այդ իսկ պատճառով մենք հիմա կարողանում ենք ամբողջ ցիկլը ճիշտ կազմակերպել:
Ծովիկ Օհանյան – ԵՄ-ի աջակցության շրջանակներում համագործակցել ենք OASI ծրագրի հետ, գրեթե երեք տարի աշխատել ենք միասին ու շատ մեծ է եղել աջակցությունը, որի արդյունքում ունեցել ենք ելակի օրգանական ջերմոցը, այսինքն, օրգանական պրոցեսն անցել է արդեն երեք տարի: ԵՄ-ի հետ աշխատելու արդյունքում շատ ցուցադրությունների ենք մասնակցել: Բացի իրենց սովորացնելը, թե ինչպես արտադրենք օրգանական գյուղաապրանք, կազմակերպել են դասընթացներ, հրավիրել են արտասահմանյան մասնագետների, որպեսզի սովորեցնեն՝ ինչպես մշակենք բույսը, որ լինի օրգանական: Ծանոթացրել են օրգանական գյուղատնտեսության նրբությունների հետ: Միաժամանակ նպաստում են, որպեսզի դու գտնես քո շուկան: Դրա համար կազմակերպում են շատ միջոցառումներ ներդնողների հետ, արտադրողների հետ: Օրգանական գյուղատնտեսությունը նշանակում է, որ իր մեջ չկան թունաքիմիկատներ: Ինքը անցումային փուլը երեք տարի է, որպեսզի կարողանաս բույսը մաքրես. բույսն էլ ես մաքրում, գնում ես հատուկ օրգանական կառույցներից: Պետք է կարողանաս բույսը մաքրես, հողը մաքրես, օդը մաքրես, դարձնես ամբողջապես օրգանիկ, որ համապատասխանի միջազգային ստանդարտներին եւ համապատասխան հավաստագիրը կարողանաս ստանալ:
Մենք զբաղվել ենք ելակի արտադրությամբ, 3-4-րդ տարի է արդեն: Առաջին տարում բնականաբար բերքը քիչ էր, բույսերը քիչ էին: Բույսերը բազմացրել ենք, տարածքը մեծացրել ենք եւ հասկացանք, որ ելակը պետք է դարձնենք այնպիսի ապրանք, որ գրավի բոլորին: Սովորական ելակի թուփը , եթե դու մշակես օրգանական ձեւով, կդառնա օրգանական: Դա մշակության ձեւ է, ոչ թե հատուկ բույս եւ պետք է պահպանես մշակության նորմերը: Մեր կառույցը ընդհանրապես նախատեսված է ագրոբիզնեսի համար, կոչվում է «Չիրս հաուս» չրի տուն. Ագրոբիզնեսի համար նախատեսված կոմպլեքս: Միաժամանակ նույն վայրում ագրոտուրիզմի համար ունենք դեպի օրգանական գնացող ելակի ջերմոց, չրի արտադրամաս, տաղավար՝ ընդունելության համար, այգի, որն էլի պահում ենք մաքուր օրգանական: Ունենք ինտենսիվ այգի՝ ներկայիս նորաոճ ծառերը, օգտվում ենք մաքուր էներգիայից՝ ունենք արեւային պանելներ: Այս ամենին միանում է նաեւ կախասունկը՝ սնկի արտադրությունը եւ դառնում է օղակաձեւ գյուղատնտեսություն: Մեր ամբողջ նպատակն է խթան հանդիսանալ, նպաստել Հայաստանում ագրոտուրիզմի զարգացմանը:
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։