Վայոց ձորի Խաչիկ գյուղի տեսարանները չեն հուշում, որ մոտակայքում հակամարտություն կա, բայց այս տարվա նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից ուղիղ մեկ տարի անց, Նախիջեւանին սահմանակից այս գյուղում հնչեց առաջին կրակոցը։
«Հողը վարեցի, պրծա, մեկ էլ պայթյունի ձեն եկավ, կրակոց։ Կանգնեցի, ասի՝ տեսնես ինչ էր։ Հետո, որ նկատեցի ապակիները [տրակտորի] չկան, արդեն գլխի ընկա, որ կրակել են։ Ու չկանգնեցի, քշեցի, դուրս եկա հողից»,- պատմում է տրակտորիստ Թաթուլ Ասատրյանը։
Խաչիկը ծովի մակերեւույթից բարձր է մոտ 1800 մետր, բայց հողատարածքները գյուղից ներքեւ են։ 83-ամյա Սերյոժա Սարգսյանը հայ-ադրբեջանական հարաբերությունների սեփական պատմությունն ունի։
«Շատ մտերիմ էինք թուրքերի հետ, չտեսնված: Ես բանակից 1961 թվականին եմ եկել, Ղազախստանում եմ ծառայել, ուրեմն Բաքվից եկել եմ, Նախիջեւանով: Ընկերս թուրք էր՝ ջերմուկցի, ինքը գնաց Ջերմուկ, ես եկա դեպի գյուղը։ Նստեցի թուրքի ավտոն, եկա թուրքի վերին գյուղը, Յաջի էր կոչվում, իջա, շոֆերին [վարորդին] ասի` տար մեր գեղը, չբերեց։ Ծանոթ ունեինք, գնացի էդ ծանոթենց տունը: Որ չտեսավ` եկել եմ բանակից, վեր կացավ, էշը փալանեց… Ես էլ ստրոյբատ [շինարարական դասակ] եմ ծառայել, ջեբերս [գրպաններս] լիքը փող, առեւտուր եմ արել, երկու չամադան [ճամպրուկ] լիքը շոր եմ բերել, էդ չամադանները գցեց էշի վրեն, ինքն էլ նստեց, բիձա մարդ էր, բերեց մեր գյուղ, թուրքի գյուղից բերեց մեր գյուղ»,- հիշում է նա։
Սարգսյանի որդին նույնիսկ ծառայել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունում։ Հիշողությունները հրաշալի են այդ ժամանակներից, որդու մոտ գնալիս նրան ադրբեջանցիներն էին հյուրընկալում։ Վերջին 30 տարիներն այս աշխույժ ծերունու պատկերացումներում ամեն ինչ փոխեցին։
«Թուրքը որ տեսնում ա` խեղճություն ես անում, հա քռի-քռի ա անելու, իմացա՞ր: Հենց մի հատ մռթին տվեցիր, վերջ, դոստանալու ա, դոստը գիտե՞ս ինչ ա, բարեկամանալու ա, այ տենց»,- ասում է նա։
Այս տարվա նոյեմբերի 9-ից հետո գյուղի տարածքում ոչ մի կրակոց չի հնչել, Սերյոժա պապիկը որոշակիորեն հանգիստ է, բայց պատկերացում չունի, թե ինչպես է վերականգնվելու խաղաղությունը հայի եւ ադրբեջանցու միջեւ։
Երվանդ Հարությունյանն աշխարհ տեսած մարդ չէ, քարացած բնապատկերների այս աշխարհում նրա կյանքի ամենամեծ իրադարձությունը Նախիջեւանի ցորենի դաշտերում բռնկված կրակն էր դեռեւս պատերազմից առաջ։ Հիշում է, որ ադրբեջանցիները մատը մատին չէին խփում կրակը մարելու համար։
«Էս բարձր բլուրը որ կա, չէ՞, էս հատվածում իրանք պալիգոն [զորավարժարան] ունեին, էնտեղ կրակում էին, կպել էր, չոր դաշտում հրդեհ էր բռնկվել։ Ելանք գնացինք, հանգցրինք: Մեր մեքենաները կանգնացրինք սահմանի բերանին, մտանք Ադրբեջանի տարածք, սկսեցինք հանգցնել, իրանք ոչ մի բան չարեցին»,- պատմում է Երվանդ Հարությունյանը:
Ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցելուն այս մարդը չի հավատում, համենայն դեպս իր սերունդը դրան դեռ պատրաստ չէ։
«Իշխանությունները պետք է դիվանագետ լինեն, շատ ուժեղ դիվանագետներ լինեն, որ կարողանան էս հարցի լուծումը ինչ-որ ձեւով տալ, բայց բարեկամություն չի լինի, մինչեւ սերնդափոխություն չլինի»,- համոզված է Երվանդ Հարությունյանը։
Գագիկ Աբրահամյանը 44-օրյա պատերազմում կորցրել է փոքր որդուն՝ Թաթուլին, որի զորացրվելուն մնացել էր 9 ամիս։ Եվ հիմա չի հասկանում, թե երկրի ղեկավարությունն ում վրա էր դրել հույսը՝ 18-20 տարեկան երեխեքի՞։
«Պատերազմի 4-5-րդ օրը հերոսի կոչումներ էր տալիս Նիկոլը։ Պարտված պետությունում ի՜նչ հերոսի կոչում։ Հերոս տալիս են հաղթանակած պետության հրամանատարները»,- վրդովված ասում է Գագիկը։
Նա թույլ չի տվել, որ որդուն հուղարկավորեն Եռաբլուրում։ Որդուց հեռու հաստատ չէր ցանկանա ապրել այս աշխարհում։ Հիմա փորձում է հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ, եւ ինչպես կարող էր Հայաստանի իշխանությունը պահպանել իր որդու կյանքը։
«Թող գնար, ասեր՝ ախպեր, ստորագրում եմ, Ալիեւ, արի համաձայնենք, ես իմ գրաված հողերը հետ եմ տալիս, իմ զորքը հետ քաշեմ։ Հա՛մ զորքը վարի տվեց, հա՛մ հողերը»,- ասում է Գագիկ Աբրահամյանը։
1990 թվականից պատերազմն առարկայորեն զգացող Խաչիկում երիտասարդներ գրեթե չկան։ Ադրբեջանցիների թիրախում գտնվող դպրոցի առաջին դասարան հաճախում է ընդամենը երկու երեխա։ Պաշտպանությունից խոսում են մեծահասակները։ Գյուղի օջախների մեծ մասը վերջին շնչում է, բայց փաստաթղթերով 787 ընտրող ունեցող ամբողջ գյուղով բանկերին 600 միլիոն դրամի վարկի պարտք ունեն։