Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի չորս խոշորացված համայնքներում՝ Արթիկում, Ամասիայում, Աշոցքում եւ Ախուրյանում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին։
Ախուրյանում ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական կրքերը դեռ թեժ են։
Համայնքի ղեկավարումը ստանձնելու համար ընտրապայքարի մեջ էին մտել չորս քաղաքական ուժեր՝ երեք դաշինք եւ մեկ կուսակցություն։ Հայ հեղափոխական դաշնակցությունը երկու դաշինքով էր մասնակցում՝ առաջինը «Ախուրյան» կուսակցությունների դաշինքն էր, որի ցուցակը գլխավորում էր Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Արծրունի Իգիթյանը: Երկրորդը «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքն էր, որի ցուցակի առաջին համարը Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Կարեն Արշակյանն էր:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցուցակ էր ներկայացրել Առափի համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ:
Չորրորդ ուժը, որի գրանցումը դատական երկար քաշքշուքից հետո չեղարկվեց, «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքն էր, որը գլխավորում էր Ազատան համայնքի տասներեք տարվա ղեկավար Վարդան Իկիլիկյանը։
Իկիլիկյանը թեեւ վճիռն անօրինական որակեց, բայց պայքարի այլ եղանակ ընտրեց՝ սատարեց ընդդիմադիր «Ախուրյան» եւ «Հաղթանակ» դաշինքներին։
Ախուրյանում ավագանու ընտրությունները կայացան, արդյունքում ընդդիմադիր «Ախուրյան» դաշինքը ստացավ 3854, «Հաղթանակ» դաշինքը՝ 2810, իսկ ՔՊ-ն՝ 6195 ձայն: Երկու ընդդիմադիր դաշինքները հայտարարեցին, որ միանում են, եւ իրենց վստահված 6664 ձայները թույլ են տալիս, որ Ախուրյանի կառավարումը ստանձնեն միասին։
469 ձայնի առավելություն ունեցող ընդդիմադիրներին բաժին հասավ 14, իսկ իշխող քաղաքական ուժին՝ 13 մանդատ։
Մինչ դեկտեմբերի 20-ին կկայանար ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի համայնքի ղեկավարը, ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեն հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Չհամակերպվելով արդյունքների հետ՝ իշխանությունը կեղծիքի, ուժի կիրառման, ստի ճանապարհով փորձում է զավթել Ախուրյանի ավագանին:
Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանությունները գործի դրեցին հնարավոր եւ անհնարին բոլոր մեթոդները՝ փորձելով ճնշել եւ վախեցնել ընդդիմադիր դաշինքների կողմնակիցներին։ Ախուրյանում իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ գործի դնելով իրենց հաճոյակատար դարձած իրավապահ համակարգը»։
Ընդդիմադիրները տեղի ունեցողը որակում են երկրում առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, իշխանությունների կողմից ատելության եւ թշնամանքի մթնոլորտի հերթական դրսեւորում:
«Խստորեն դատապարտում ենք իշխանությունների կողմից նման անթույլատրելի գործելաոճը, կոչ ենք անում իշխանություններին՝ անհապաղ վերջ տալու Ախուրյանում իրականացվող քաղաքական եւ ուժային տեռորին: Միաժամանակ բոլոր մեթոդներով հակազդելու ենք ցանկացած ապօրինի դրսեւորմանը եւ ամեն գնով պաշտպանելու ենք ժողովրդի կամարտահայտության արդյունքները»,- նշված է հայտարարության տեքստում։
ՔՊ-ի ցուցակը գլխավորող Ալբերտ Այվազյանը հակառակն է պնդում, ասում է՝ ճնշողն իրենք են, դա դաշնակների ոճն է։ Հորդորում է ճնշումներ գործադրելու մեկ փաստ ունենալու դեպքում իրենց դատի տալ։ «Մենք այդ մարդը չենք, ազնիվ խղճով, մարդկային հատկանիշներով ապրած մարդ ենք, մենք ի՞նչ գործ ունենք ճնշումների հետ, մենք բարեգործ մարդ ենք։ Ճնշողներն իրենք են, որ ճնշեցին իրենց թիմակիցներին, որ դուրս գան ցուցակներից, մտածեցին՝ իրենց ձայնը հանկարծ ուրիշին չտան։ Այդ մարդիկ լացելով զանգում էին մեզ, թե էս ում էինք միացել, ում մոտ էինք առաջադրվել»։
Ընդդիմադիր դաշտից էլ վստահեցնում են, որ վարչական բոլոր լծակներն օգտագործեցին ընտրություններում հաղթելու համար, հիմա էլ նոր անազնիվ ձեւ են ընտրել Ախուրյանի իշխանությունը զավթելու։
«Ցանկացած քայլի գնում են, ավագանու անդամներին մինչեւ անգամ վարկերի մարում, աշխատանք են խոստանում, բոլորին են փորձում կեղտոտ խաղի մեջ քաշել, բայց մենք վստահ ենք մեր թիմի վրա։ Մեզնից ոչ մեկը չի թեքվի թուրքական դրոշի կողմը»,- ասում է «Հաղթանակ» դաշինքի առաջին համար Կարեն Արշակյանը։
Թե ում կհասնի շուրջ 32000 ընտրող ունեցող Ախուրյան համայնքի ղեկը, պարզ կլինի դեկտեմբերի 20-ին։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։