Անցած շաբաթ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճներից մեկում ցուցադրվեց «Բարի թռիչք» վավերագրական ֆիլմը, որը նկարահանել են մտերիմ մարդիկ՝ Գարեգին Պապոյանը եւ Արտաշես Մաթեւոսյանը։
Նկարահանել են, եթե չեմ սխալվում, 2017 թվականին։ Մոտ մեկ տարի անց Մելիք Կարապետյանի հյուրընկալ բնակարանում ներկա եմ եղել աշխատանքային պրեմիերային։
Երկու բառով՝ այն Ստեփանակերտի օդակայանի մասին է, որը վերակառուցվել, շահագործման էր հանձնվել տարիներ առաջ՝ Արցախի եւ Հայաստանի քաղաքական վերնախավերի անիրական եւս մեկ հավակնություն ի ցույց դնելու համար։
Եթե հարցնեն՝ ի՞նչ է «Բարի թռիչքը», հաստատ կասեմ՝ տրագիկոմեդիա, թեեւ վավերագրության մեջ այս տեսակը հազվադեպ է հանդիպում։
«Տրագի»-ն առայժմ մի կողմ թողնելով՝ ասեմ, որ կատակերգության հեշտությամբ դիտվում են ֆիլմի այն դրվագները, որոնք ներկայացնում են օդակայանի առօրյան։
Մի խումբ մարդիկ միկրոավտոբուսով գալիս են գործի, նստում իրենց գրասեղանների առջեւ, համակարգչի էկրանին են նայում, տնօրենը կանչում է ենթականերից մեկին, հանձնարարություն է տալիս, հավաքարարն անզիջում հետեւողականությամբ մաքրում է տարածքը, ոմանք շախմատ են խաղում, մեկը խաչբառ է լուծում, օրվա վերջում նույն միկրոավտոբուսով տուն են գնում, հաջորդ առավոտյան կրկին գործի գալիս, բայց օդակայանը ո՛չ չվերթ է ընդունում, ո՛չ էլ ճանապարհում։
Վազքուղին, որ մեկ կամ երկու անգամ է երեւում ֆիլմում, դատարկ է։ Օդակայանը զրադաշտական տաճար է, որտեղ մարդիկ վառ են պահում կրակը։ Եթե նրանց հարցնես՝ ի՞նչ եք անում, կտան հաստիքի անունը՝ главный бухгалтер կամ главный диспетчер, բայց չեն խոսի աշխատանքի բովանդակության ու ծավալի մասին։ Այդպիսիք չկան։
Հրամայված է լինել օդակայանի աշխատող, հրաման են կատարում։ Հրամայեին տիեզերակայանի կամ միջուկային լաբորատորիայի աշխատող լինել, անմռունչ կատարելու էին այդ հրամանը։
Եթե ինձ հարցնեին, կառաջարկեի վերնագրել «Մեր կորցրած ժամանակը»։ Քանի որ ֆիլմը գլխավոր, անգամ երկրորդական հերոս/հերոսներ չունի, ինքնաբերաբար «սուրբ դատարկը» զբաղեցնում է ժամանակը։
Ֆիլմը ժամանակի մասին է։
Ժամանակ, որն իր ոչինչ չպարտադրող ընթացքով սրբել է միտք ու բանականություն, նպատակ ու ձգտում, լինելության պատճառ ու պատճառաբանություն։
Վերջում օդակայանի անգարում «ապրող» սպորտային մի սարք օդ է բարձրանում, եւ հետեւող կադրերից պարզ է դառնում, որ թռիչքն այս միայն ու բացառապես նկարահանման համար է։
«Բարի թռիչքը» կարող էր այլ ավարտ ունենալ, բայց հեղինակները չեն դիմադրել անհեթեթության ավերիչ ուժին։ Ի՜նչ իմանային, որ երկինքը միայն Աստծո բնակավայր չէ։
«Բարի թռիչք» ֆիլմը կարող եք դիտել այս հղումով։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։