Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամաբադում քննարկել են Հարավային Կովկասի ընթացիկ իրավիճակը, Արցախի գծով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն ու հետպատերազմյան շրջանում տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցեր։
Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժանանակ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաեւ «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի իրագործման հարցերը:
«Մենք կշարունակենք միասին գործել մեր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման յուրաքանչյուր փուլում»,- թվիթերյան գրառմամբ ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Իսլամական համագործակցության կազմակերպությունը (մինչև 2011-ը՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպություն) ստեղծվել է 1969-ի սեպտեմբերին Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Կրոնաքաղաքական այս կազմակերպությանը անդամակցում են 57 իսլամական պետություններ։ Ադրբեջանը ԻՎԿ անդամ է 1991-ից։ ԻՀԿ բարձրագույն մարմիններն են անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների գագաթնաժողովը, խորհուրդը, գործադիր կոմիտեն և քարտուղարությունը։
Ընդհանուր շահերի հիման վրա
Մեւլութ Չավուշօղլուն «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը լուծումներ են գտնում նույնիսկ տարածաշրջանային այն խնդիրների համար, որտեղ տարբեր տեսակետներ ունեն։
«Մենք Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ սերտ երկխոսության մեջ ենք: Նույնիսկ այնտեղ, որտեղ մենք տարբեր մոտեցումներ ունենք, հարցերը լուծում ենք պատասխանատու մոտեցմամբ, ըստ որի՝ ամենակարեւորը տարածաշրջանի խաղաղությունն ու բարօրությունն է»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն հայտնել է, թե Թուրքիան տրամադրված է շարունակել ՌԴ-ի հետ արդյունավետ համագործակցությունը` փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր շահերի հիման վրա: