Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանին, Նազելի Բաղդասարյանին, ինչպես նաեւ գերեվարվածների հարազատներին վստահեցրել է, որ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված վաթսուներկու քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Նախնական տվյալներով՝ այս շաբաթ ռուսական կողմը կայցելի Բաքու՝ վերադարձի ժամկետներն ու պայմանները ճշգրտելու համար:
Ըստ Սոֆիա Հովսեփյանի՝ Մուրադովը վստահեցրել է, որ գերեվարված անձինք որեւէ խնդիր չունեն: Անվտանգության նկատառումներով նրանց վերադարձի ժամկետներ չեն նշվել: Պատգամավորը հույս է հայտնել, որ մոտ ապագայում արդեն կտեսնենք վաթսուներկու գերիներին:
«Մյուս գերիները, որոնք վաղուց էին գերեվարվել, նույնպես կվերադարձվեն»,-նշել է ԱԺ պատգամավորը: