ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1546632 պատվաստում։ Դեկտեմբերի 20-ի դրությամբ առաջին դեղաչափը ստացել է 903661 մարդ, երկրորդը` 642971։
ՀՀ ԱՆ-ն վիճակագրություն է ներկայացրել կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների վերաբերյալ։ Ըստ ԱՆ տվյալների՝ թեստի դրական պատասխան ստացածների 90.3 տոկոսը պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ։ Չի պատվաստվել նաեւ 1317 հոսպիտալացվածների 94.9 տոկոսը, իսկ ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող 143 քաղաքացուց պատվաստված չէ 95.8 տոկոսը։
Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզեւրիա»), «Սինոֆարմ» եւ «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։ Առաջիկայում Պորտուգալիան Հայաստանին «Pfizer» պատվաստանյութի 40 հազար դեղաչափ կտրամադրի։
Դեկտեմբերի 20-ի 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 72-ով եւ դարձել ընդհանուր 343708։ Առողջացել է 364-ը, ընդհանուր՝ 328799-ը։ Կատարվել է 4897 թեստավորում, ընդհանուր՝ 2497107-ը: Գրանցվել է մահվան 4 դեպք: Վարակն ընդհանուր առմամբ 7903 մարդու կյանք է խլել։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառներով մահացածների թիվը 1493 է։