Ըստ ՀԱՊԿ քարտուղարության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 21-23-ը կայցելի Հայաստան։ Նա կհանդիպի երկրի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ՝ քննարկելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը:
Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս տարի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է:
Ստանիսլավ Զասը Փաշինյանի հաստատմանն է ներկայացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման եւ Հայաստանի նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի նախագիծը:
Սպասվում է նաեւ, որ Ստանիսլավ Զասը հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: