Շուտով կսկսվի Հայաստան-Ադրբեջան սահմանագծման երկար ու ծանր աշխատանքը: Սպասվում են վեճեր, տարաձայնություններ, անվերջ քննարկումներ, քանի որ մինչ այժմ պարզ չէ, թե ի՞նչ փաստաթղթով, օրենքով կամ քարտեզով է կատարվելու այն եւ ինչպե՞ս է որոշվելու Հայաստան-Ադրբեջան նոր պետական սահմանը: Այս հարցն, ըստ մասնագետների, խնդրահարույց է եղել միշտ, հատկապես Զանգեզուրի հատվածում:
Մինչ կստեղծվեն միջպետական հանձնաժողովներ, մասնագետները հիշեցնում են, որ վերջին անգամ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի տեղորոշում կատարվել է 1920-30-ական թվականներին, բայց այն ժամանակ էլ հնարավոր չի եղել ամբողջությամբ խուսափել վիճելի հարցերից, որոնք իբրեւ ժառանգություն հասել են մեր օրեր:
Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն, պատմաբան-մանկավարժ Վարդան Սարգսյանը հիշեցնում է, որ 1920-ականներին Հայաստան-Ադրբեջան սահմանի տեղորոշման աշխատանքներում ներգրավված է եղել գրող Ակսել Բակունցը, որը կարողացել է հօգուտ Հայաստանի ամրագրումներ անել։
Ակսել Բակունցը 1924-26 թվականներին Գորիսում աշխատել է որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, իսկ 1926-31-ին՝ Երեւանում, որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
Կարմիր Քուրդիստան-արհեստականորեն ստեղծված վարչական միավոր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, որը գոյություն է ունեցել 1923-ի հուլիսի 7-ից մինչև 1929 — խմբ.
Բակունցին պետությունն ընդգրկել է Զանգեզուրի եւ Քուրդիստանի սահմանագծային հանձնաժողովի կազմում՝ նկատի ունենալով նրա մասնագիտական ունակությունները, նաեւ այն, որ լինելով Զանգեզուրից, շատ լավ ծանոթ էր տարածքին, գյուղացու խնդիրներին:
«Հայաստանի կողմից լինելով մեր ներկայացուցիչն՝ այդ հանձնաժողովում Ակսել Բակունցը զգալի ավանդ է ներդրել պետական սահմանագծման գործում, հատկապես Կապանի հատվածում: Նրա ջանքերով Կապանի տարածաշրջանին են մնացել տասնյակ գյուղեր, անտառային հատվածներ, հողակտորներ, բացատներ, որոնց հանդեպ ադրբեջանցիները հավակնություն են ունեցել: Հայաստանի տարածքում գտնվող շատ գյուղերի համար մենք այսօր պարտական ենք Ակսել Բակունցին: Նա կարողացել է հօգուտ մեզ ընդլայնել Եղվարդ, Ուժանիս, Ագարակ, Մողես եւ այլ գյուղերի սահմանները: Հետագայում, երբ սահմանագծումը պիտի արվեր Գորիսի հատվածում, ադրբեջանական կողմը՝ զգալով Բակունցի սկզբունքայնությունն ու մասնագիտական պատրաստվածությունը, բողոքել է վերեւներին եւ կարողացել է այնպես անել, որ նրան մեկուսացնեն հետագա աշխատանքներից»,-պատմում է Վարդան Սարգսյանը:
Ըստ նրա՝ սովետական ժամանակաշրջանում դրանք ընդամենը վարչական սահմաններ են եղել եւ հետագա տարիներին որոշ տեղերում առաջ ու ետ տալու խնդիրներ ու ճանապարհների հարցեր են առաջացել, որոնք լուծվել են հարեւանների տեղական մարմինների միջեւ փոխադարձ պայմանավորվածություններով, բայց այն, ինչ ամրագրվել է Բակունցի միջամտությամբ, մնացել է անփոփոխ:
«Սա Բակունցի գրական, թարգմանչական, կինոսցենարիստական հարուստ գործունեության կողքին նրա կենսագրության մի կարեւոր մասն է»,- Ալիք մեդիային հայտնեց Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրենը՝ իշխանություններին հուշելով, որ այսօր էլ պետական սահմանների ճշգրտման հարցում պետք է ներգրավվեն միայն հայրենասեր, հողի արժեքն իմացող, սահմանի նշանակությունը պատկերացնող մասնագետներ:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։