«Հրազդան» մարզադաշտի մոտ գտնվող ծաղկի շուկան է։ Վաճառողներն ամեն օր ուշ երեկոյան գալիս են Արարատյան դաշտավայրից։
Մեծ մասը տղամարդիկ են։ Նրանցից յուրաքանչյուրն այս տարածքում իր տեղն է սահմանել:
Հասնելուն պես բացում են մեծ մեքենաների դռները, եւ դրանք բաց փեղկերով պատուհաններ են դառնում։
Առջեւում դնում են գունավորված գիպսաֆիլիան եւ փշաքեղը, հետո շարում քրիզանթեմը, գերբերան, բրասիկան եւ էուստոման: Վառ գույներով գնորդի ուշադրությունն ավելի հեշտ է գրավել:
Շուկայի բացման առաջին րոպեներին բոլորն ինքնամոռաց ծաղիկներ են գնում, երեւում են միայն շարժվող ոտքեր, իսկ մարդկանց մարմիններն անհետանում են մեծ ծաղկեփնջերի մեջ:
Գնորդներից ոմանք ծաղիկները տանում են փաթեթավորման, զարդարում փայլփլուն նախշերով եւ ժապավեններով։ Բնական տեսքից բան չի մնում:
Օրվա վերջում ծաղիկները նորից խիտ-խիտ դասավորում են մեքենաների մեջ` հաջորդ օրը վաճառելու եւ նույնը կրկնելու համար:
Շուկայի դատարկված տարածքում երեւում են միայն թափված ջրից փայլփլող ասֆալտն ու տեղ-տեղ շողացող դեղին քրիզանթեմը: