ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը դեկտեմբերի 21-23-ը կայցելի Հայաստան, հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում եւ սահմանազատում սկսելու` Հայաստանի եւ Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարեւոր քայլ։
Ըստ «Արմենպրեսի»՝ Զասը նշել է, որ իրենց շատ է մտահոգում լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ եւ հրաձգություններ, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվում։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից վճռական միջոցներ ձեռնարկելու` հայ պատգամավորների կոչերին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Երեւանը շեշտը դրել է իրավիճակի լուծման այլ մեխանիզմների վրա: Նրա կարծիքով` սրված իրավիճակի թուլացմանն ուղղված միջոցառումներն առավել քան երբեւէ անհրաժեշտ են եւ առաջնահերթ նշանակություն ունեն։
Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով: Նա հավելել է, որ պետք է քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով եւ ՌԴ-ի աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ:
Ստանիսլավ Զասն ընդգծել է նաեւ, որ արժի ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։