Մինչեւ 2021-ի մարտ Թուրքիան եւ Իսրայելն, ամենայն հավանականությամբ, լիովին կվերականգնեն 2017-ից ի վեր խզված դիվանագիտական հարաբերությունները,-հայտնում է «Վեստնիկ Կավկազա» պարբերականը՝ հղում անելով «Ամերիկայի ձայն»-ին։
«Եթե Իսրայելը մեկ քայլ անի, Թուրքիան կանի երկուսը,-հայտարարել է Թուրքիայի նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Մեսութ Քասինը: -Եթե կանաչ լույս տեսնենք, դարձյալ դեսպանատունը կվերաբացենք ու դեսպանին կվերադարձնենք»:
Ըստ խորհրդականի՝ խաղաղության, անվտանգության հաստատումն անչափ կարեւոր է Թուրքիայի եւ Իսրայելի համար: Նա հավելել է, որ «Մավի Մարմարա»-ից հետո Իսրայելի հետ կապված որեւէ տհաճ միջադեպի կրկնություն ուղղակի չեն ցանկանում:
Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց տասը տարի առաջ, երբ պաղեստինցիների համար Գազայի շրջան մարդասիրական օգնություն (ըստ Իսրայելի՝ «մարդասիրական բեռ»-ի անվան տակ զենք-զինամթերք) տեղափոխող «Մավի Մարմարա» բեռնանավը զավթեցին իսրայելցի զինվորները։ Գործողության արդյունքում զոհվեցին Թուրքիայի ինը քաղաքացիներ, ինչը երկու երկրների հարաբերությունների տեւական սառեցման պատճառ դարձավ: