Թուրքական CNN Turk գործակալությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին ակնարկ է հրապարակել, որում ներկայացվել է գործարկվելիք երկաթուղու երթուղին եւ նշվել, թե «միջանցքը» նախատեսված է եղել նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայատարարությամբ։ Հոդվածագիրը շեշտել է «միջանցքի» կարեւորությունը Հայաստանի ու Թուրքիայի համար։
Թուրքիայի իշխանամերձ Demirören մեդիահոլդինգի կազմի մեջ մտնող CNN Turk գործակալության հոդվածագիրը գրել է, որ Զանգեզուրի միջանցքը Հայաստանի համար ելք կապահովի «իր իսկ հիմնած աշխարհաքաղաքական պաշարումից»: Միջանցքն, ըստ նյութի հեղինակի, Հայաստանին հնարավորություն կընձեռի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում օգտվել Կովկասում հասունացող գործընթացներից:
Հոդվածում թվարկվել են այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են հաջորդել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Ըստ ակնարկի հեղինակի՝ դրանով կմեծանա թուրքական աշխարհի հետ Հայաստանի համագործակցությունն ու առեւտուրը, հնարավոր կդառնա Միջին Ասիա անարգել գնալը, ներդրումներ կկատարվեն պատմական Մետաքսի ճանապարհի աշխուժացման համար։