Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, այսօր խոսելով պաշտպանության նախարարության կոլեգիայում, ասել է, որ զինված հակամարտությունները, արյունահեղությունը բացարձակապես մեր ընտրությունը չեն։
«Մենք չենք ցանկանում իրադարձությունների նման զարգացում։ Մենք ցանկանում ենք հարցերը լուծել քաղաքական-դիվանագիտական միջոցներով, բայց գոնե ունենալ պարզ, հասկանալի, հստակ շարադրված իրավական երաշխիքներ»։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ Ռուսաստանին նահանջելու տեղ չի մնա, եթե ամերիկյան սպառազինությունները հայտնվեն Ուկրաինայում։ «Դա մեր սահմաններից հազարավոր կիլոմետր հեռու չէ, դա մեր տան շեմին է»,- ասել է Պուտինը։
Պատրաստ են երկկողմ ձեւաչափով համագործակցության
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տեսել է անվտանգության ռուսասատանյան առաջարկներն ու պատրաստ է Ռուսաստանի հետ դիվանագիտական շփումների, այդ թվում՝ երկկողմ ձեւաչափով համագործակցության:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդի՝ դեկտեմբերի 17-ի հանդիպման ժամանակ Ռուսաստանը պաշտոնապես ԱՄՆ-ին է փոխանցել երկու փաստաթուղթ` պայմանագիր եւ համաձայնագիր: Առաջարկվող փաստաթղթերը ներառում են անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի գաղափարները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դիվանագիտական բանակցություններ սկսելու Կրեմլի հետ մի քանի ուղղություններով ինչպես ուղղակիորեն, այնպես էլ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի եւ ԵԱՀԿ-ի միջոցով:
Նայած մասնակցության բնույթի ու խորության
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան հետխորհրդային տարածքում իր դաշնակիցների հետ քննարկում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության տարբեր ասպեկտները։
Պեսկովը նշել է, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին չպետք է համեմատել Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքական ու ռազմական ենթակառուցվածքներում ինտեգրման հետ:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցչից հետաքրքրվել են՝ արդյո՞ք Ռուսաստանի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ քննարկվել է դաշնակիցներից որեւէ մեկի, օրինակ՝ Ղազախստանի ու Հայաստանի հետ, եւ որքանով է, նրա կարծիքով, նման ծրագրերին մասնակցությունը թույլատրելի նախկին միութենական հանրապետությունների համար:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այդ կապակցությամբ նշել է, որ մի բան է գործընկերային ծրագրերին մասնակցությունը, այլ բան է Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքական ու ռազմական ենթակառուցվածքներին ինտեգրվելը:
«Գիտեք, որ նախկին Խորհրդային Միության երկրների մեծամասնության հետ մեզ կապում են դաշնակցային պարտավորություններ ՀԱՊԿ-ի, այլ կառույցների շրջանակներում, այդ ամենը բազմիցս քննարկվել է եւ քննարկվում է»,- ասել է Պեսկովը:
«Ռուսաստանը թույլատրելի՞ է համարում նախկին միութենական հանրապետությունների մասնակցությունը նման ծրագրերին» հարցին պատասխանելով՝ Պեսկովն ասել է, որ դա կախված է ինչպես կոնկրետ ծրագրերից, այնպես էլ դրանց մասնակցության բնույթից ու խորությունից:
«Դրանք բոլորն էլ տարբեր են: Տվյալ դեպքում անհրաժեշտ է քննարկել հենց ծրագիրը: Անթույլատրելի է ինչ-որ ընդհանրական հետեւություններ անել, հատկապես հիմա, երբ հիմնական քննարկումներն ու բանակցությունները դեռ առջեւում են»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: