ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցները կարեւորել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հարցերով մեխանիզմների ձեւավորումը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը կարեւորել են նաեւ սրված իրավիճակի թուլացմանն ու հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը։
Նախորդ անգամ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել դեկտեմբերի 8-ին։ Նախարարները քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։