ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական կողմը հանդես է եկել Ռուս–հայկական գործարար խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ: Այն կոչված է ընդլայնելու երկու երկրների մարզերի միջեւ կապերը, ամրապնդել բիզնես-շփումները, համատեղ արտադրություններ հիմնել։
Ըստ Օվերչուկի` այս նախաձեռնությունն աջակցություն է ստացել հայկական կողմից եւ արձանագրվել միջկառավարական հանձնաժողովի նիստի ամփոփիչ արձանագրությունում։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանյան համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է համատեղ առեւտուրն ու ներդրումներն ավելի ակտիվ զարգացնելու հարցում։
«Ռուսական բիզնեսը կարող է արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության զարգացման առումով»,– նշել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկն ընդգծել է, որ առեւտրատնտեսական համագործակցության աշխուժացման նպատակով մինչեւ 2025-ը ՌԴ-ի եւ ՀՀ-ի երկարաժամկետ տնտեսական համագործակցությանն ուղղված միջկառավարական ծրագրի նախագիծ է նախապատրաստվել։ Ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն` այն կստորագրվի մինչեւ հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջ։