ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առաջին անգամ ձեռք է բերել «Գլյուկագոն 1 մգ» դեղն ինսուլինակախյալ երեխաների համար։
Դեղն անվճար տրամադրվել է Հայաստանում եւ Արցախում հաշվառված շուրջ 763 ինսուլինակախյալ մինչեւ 18 տարեկան երեխաներին։
Բոլոր միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս առաջին տիպի դիաբետի դեպքում պարտադիր ունենալ «Գլյուկագոն» դեղը` տնային պայմաններում հրատապ օգնություն ցուցաբերելու եւ կյանքեր փրկելու նպատակով։
Շաքարային դիաբետ ունեցող բուժառուների ծանր բարդությունը հիպոգլիկեմիան է, որի դեպքում առաջին բուժօգնությունը գլյուկագոնի անհետաձգելի ներարկումն է։ Գլյուկագոնի հասանելիությունը կբարելավի դիաբետի կոմպենսացիայի աստիճանը, կբարձրացնի բուժառուի կյանքի որակը, եւ կկանխարգելվեն ծանր հիպոգլիկեմիայից առաջացած բարդությունները։