ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել: Նրանք գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել են ԼՂ Մարտակերտի շրջանի սահմանազատման գծի մոտ բնակվող շուրջ հազար դպրոցականների:
Խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը նշել է, որ խաղաղապահները «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ սկսել են ամանորյա ակցիաներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար: Ըստ նրա՝ շուրջ հազար երեխաներ նվերներ, խաղալիքներ ու կոնֆետներ են ստացել։
Ավելի վաղ Մոսկվայից Երեւան ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով Արցախի երեխաների համար մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն էր տեղափոխվել: Բարեգործական կազմակերպությունները մոտ 20 տոննա քաշով մարդասիրական օգնություն են հավաքել։
Ամանորյա տոներին ռուս խաղաղապահներն ու բարերարները շուրջ 70 մարդասիրական ակցիաներ կանցկացնեն ու նվերներ կբաժանեն կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող հեռավոր շրջաններից շուրջ 8 հազար երեխաների։