ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանը լայնածավալ դեսանտային զորավարժություններ կանցկացնի Ղրիմում եւ Կրասնոդարի երկրամասում։
Զորավարժությունները կմեկնարկեն դեկտեմբերի 23-ին Ղրիմի «Օպուկ» զորավարժարանում: Այստեղ օդադեսանտային հարձակման, հրետանային եւ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերը կվարեն մարտական կրակ: Զինվորականներն օդային հարձակման զենքերից եւ անօդաչու սարքերից տեղանքի մի հատվածի ականազերծում եւ զորքերի քողարկում կիրականացնեն:
Ըստ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության՝ զինծառայողները կրակային առաջադրանքներ կկատարեն եւ կխոցեն տարբեր հեռահարություններում թիրախներ:
Զորավարժությունների շրջանակում գրավված տարածքը շրջափակելու եւ կազմավորման հիմնական ուժերի արագ հարձակման ապահովման նպատակով զորքերը ուղղաթիռներով օդադեսանտային գործողություններ կկատարեն: Օդադեսանտային գործողությունը կանցկացվի բանակային ավիացիայի Մի-35 ուղղաթիռների կրակային աջակցությամբ։
Նովոռոսիյսկի մոտ տեղակայված «Ռաեւսկի» զորավարժարանում էլ դեկտեմբերի 24-ին զորավարժությունները կմեկնարկեն:
Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կներգրավվեն ավելի քան 1200 զինծառայող եւ ավելի քան 250 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա։